Ժամանակակից բազմաթիվ հետազոտություններ սահմանում են, որ եթե ծնողները երեխային տան միայն այն սնունդը, որը ծամել չի պահանջում, կնվազի բալիկի ծամելու պատրաստակամությունը և մեկ տարեկանից հետո ծամել իմանալու հավանականությունը:
«Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանն ասում է, որ ծամել պահանջող մթերքների հետ առաջին շփումը երեխան պետք է սկսի 6-9 ամսականում՝ անկախ այն հանգամանաքից՝ ունի ատամներ, թե ոչ:
Մասնագետն առաջարկում է ծամել սովորեցնելու երկու մեթոդ․
✓ Ծամել պահանջող մթերքներն ավելացնել հիմնական ուտելիքին, բայց դրանով չփոխարինել հիմնական ուտելիքը, չէ՞ որ դա նոր ունակություն ու կյանքի փորձ է երեխայի համար:
Ծամելու մթերքները երեխան վերցնում է մատիկներով: Դա կարող է լինել շատ փափուկ մրգի կամ բանջարեղենի կտոր (բանան, խնձոր, եփած գազար և այլն), ջերմային մշակում անցած ձկան, մսի, կարտոֆիլի խյուսանման կտորներ: Բազմազանությունն ու քանակը պետք է ծնողն ինքը որոշի խելամտության սահմաններում՝ հաշվի առնելով նաև երեխայի հետաքրքրվածությունը:
✓ Ժամանակին և աստիճանաբար քչացնել մթերքները մանրացնելու աստիճանը՝ միասեռ խյուսից մինչև փոքր կտորներով խյուսի, դրանից հետո միայն խոշոր կտորներով խյուսի:
Չմոռանանք՝ կան նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ երեխան դեռ պատրաստ չէ պինդ սննդի:
- Երեխան չի կարողանում ինքնուրույն պահել գլուխը:
- Չի կարողանում նստել աթոռի վրա առանց օգնության:
- Չի կարողանում սնունդը տեղափոխել բերանի խոռոչի խորքը:
- Չի կարողանում գդալը շուրթերով բռնել:
- Սնունդը լեզվով դուրս է հանում բերանից:
Աղբյուրը՝ Արթուր Ջանազյանի ֆեյսբուքյան էջ



