«Առավոտ». Անչափահաս ծննդկանը մահացել է

«Առավոտ»-ը գրում է, որ կիրակի օրը` հուլիսի 3-ին, «Էրեբունի» հիվանդանոցում մահացել է 16-ամյա Լիլիթ Մուրադյանը, ով ընդամենը 1 ամիս առաջ էր ծննդաբերել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը ու որից հետո այդպես էլ չէր կարողացել ոտքի կանգնել:

Ծնունդն ընդունող բժիշկը Լիլիթի հարազատներին վստահեցրել է, որ ծննդաբերությունն անցել է հաջող, ծնվել է 4 կգ 200 գրամ քաշով առաջնածին տղա: Սակայն Լիլիթն ընդամենը 4 օր է վայելել իր մայրությունը, տեսել իր փոքրիկին, կերակրել նրան, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են Մասիսի հիվանդանոց, այնտեղից էլ` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Թերթը զրուցել է նաեւ «Գրիգոր Նարեկացի» ծննդատան ծնարանի վարիչ Գագիկ Գեւորգյանի հետ: Նրա պարզաբանմամբ. «20 օր Լիլիթը

պառկել է «Էրեբունիում»` աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ, Լիլիթի ընտանիքի անդամները ջրից թունավորման նույն ախտանիշներով պառկել են Մասիսի հիվանդանոցում, նրա մահը ծննդաբերության հետ կապ չուներ»: «Առավոտը» բաժնի վարիչից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ հղի կնոջից անալիզներ չեն վերցրել` ծննդաբերելուց առաջ. «Ոչ մեկը հղիից կղանքի անալիզ չի վերցնում, իսկ արյան անալիզում դա չի երեւացել, նրա մոտ եղել են լուծի գանգատներ, արգանդի բորբոքում, մենք մաքրել ենք արգանդի խոռոչը, առաջին բուժօգնությունը ցույց ենք տվել, տվել ենք համապատասխան դեղեր:

Ինչ վերաբերում է երեխային, նրա արյունը փոխվել է, որովհետեւ խմբային անհամատեղելիություն է եղել մոր արյան հետ, որից արյան քայքայում է գնում, դա կապ չունի երեխային կերակրելու կամ վարակելու հետ: Երբ Լիլիթի մոտ ախտորոշեցինք ինֆեկցիա, առաջարկեցինք նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել Նորքի ինֆեկցիոն, բայց հարազատները պնդեցին, որ քանի որ նրա ամուսինը նույն երեւույթներով Մասիսի հիվանդանոցում է, նրան պահանջում ենք տանել Մասիս, տարան իրենց մեքենայով: Հասկանում եմ ծնողների ցավը, բայց ծննդաբերության հետ կապելը սխալ է: Դա այնպիսի ինֆեկցիա է, որը բերել է ինտոքսիկացիայի, որը ախտահարել է լյարդը, երիկամը, միգուցե նախկինում Լիլիթն ունեցել է երիկամի խնդիր, որը բերել է խորը ախտահարման: Արվել է ամեն ինչ` նրա կյանքը փրկելու համար, բայց դա հնարավոր չի եղել»:

News.am