Տղամարդկանց և կանանց անպտղությունը գրեթե հավասար է

Հայաստանում անպտղության ցուցանիշ շուրջ 16.8 տոկոս, որից առաջնային անպտղությունը 5.4 տոկոս, երկրորդային անպտղությունը` 11.4 տոկոս:

Ամուսնացած կանանց 30%-ը հղիանում է համատեղ կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում, 60 %-ը` առաջին յոթ ամիսների ընթացքում, իսկ մնացած 10 %-ը՝ սեռական կյանք սկսելուց 11-12 ամիս հետո:

Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ. կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ:

Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների`ամորձիների, շագանակագեղձի բորբոքում, այդ թվում նաև թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ:

Շատ հաճախ ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը և ոչ լիարժեք սնունդը կարող է դառնալ անպտղության պատճառ:
Կանանց անպտղության պատճառները նույնպես լինում են առաջնային և երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինը անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:

Կանանց առաջնային անպտղության գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմանային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլևս չեն կրճատվում, և արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ:

Ավելին` բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, և սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը:

Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը:

Ռուսաստանում անպտղությունը կազմում է 18,5 տոկոս է, աֆրիկյան երկրներում ավելի բարձր է, եվրոպական երկրներում 13-15 տոկոս, Հայաստանը անպտղության 16.8 տոկոս ցուցանիշով միջին դիրք է գրավում:

Առողջ երեխա ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս չծխել, քանի որ ծխախոտը պարունակելով այնպիսի վնասակար նյութեր, ինչպիսիք են նիկոտինը, ջրածնի պերօքսիդը, ցիանիդը, կարող է հանգեցնել պտղի զարգացման դանդաղեցման, վաղաժամ ծննդաբերության և բազմաթիվ այլ բարդությունների: Չօգտագործել ալկոհոլ, քանի որ բեմնավորման և հղիության ընթացքում ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումն անգամ ամենափոքր քանակությամբ անթույլատրելի է: Ալկոհոլը թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության: Այն կարող է հանգեցնել նաև վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության:

20.09.2013, 19:52

Aysor.am