«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է «Բեգլարյան» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Դավթյանը։
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Բարև Ձեզ: 38 տարեկան եմ ու ցանկանում եմ երրորդ բալիկն ունենալ: Որոշակի հետազոտություններ անելու կարիք կա՞, որպեսզի գնահատենք հղիության ընթացքում և հղիությունից հետո խնդիրների առաջացման հավանականությունը:
Պատասխան՝ Անհրաժեշտ հետազոտությունների ցանկը հստակորեն հնարավոր է պարզել գինեկոլոգի մոտ այցից հետո: Մասնագետը կարող է ասել դա կնոջ գանգատները լսելուց, մանրամասն անամնեզ հավաքելուց հետո: Եթե գանգատներ, որպես այդպիսին, չկան, կարելի է կատարել փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն՝ համոզվելու համար, որ ամեն բան լավ է, հանձնել պապ քսուք, կատարել ֆեմոֆլոր սքրին հետազոտություն, որն էլ իր մեջ ներառում է բոլոր ինֆեկցիաների, վիրուսների բացահայտումը:
Անուն՝ Զառա
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, սեռական օրգաններիս հատվածում ունեմ քոր, միզելու պրոցեսն ավարտելիս զգում եմ ցավ, այրոց: Առաջին հղիությանս ժամանակ այսպես եղել է։ Հիմա՝ 6 տարի անց կրկին հղիության նշաններ կան, թեստն աննշան ցույց է տվել ու կարճ ժամանակ հետո երեք օր ջերմել եմ, ունեցել կոկորդի ցավ: Խմել եմ երիցուկի թեյ, օգտագորել «Նեոտրավիսիլ»: Հնարավո՞ր է, որ դեղն ու թեյը վնասեն պտղին։ Նախապես շնորհակալություն։
Պատասխան՝ Առաջին հերթին պետք է պարզել՝ կա՞ իսկապես հղիություն, թե՞ ոչ: Թեստի աննշան ցույց տալը դեռևս հավաստի չէ։ Հստակեցման նպատակով կամ կատարվելու է սոնոգրաֆիա, կամ ուսումնասիրվելու է արյան մեջ խորիոնային գոնադոտրոպինի առկայությունը։ Եթե հղիություն կա, պետք է անպայման կապվեք հսկող բժշկի հետ, որպեսզի հասկանաք քորի և միզարձակման ժամանակ դիտվող դիսկոմֆորտի պատճառը։ Տվյալ գանգատները լուրջ են, ուստի կա բուժման կարիք։ Իսկ ընդունած դեղորայքն ու թեյը պտղի վնասած չեն լինի։ Եթե ժամկետին համապատասխան զարգանում է պտուղը, և բացասական երևույթներ չեն նկատվում, ուրեմն գործոնն ազդեցություն չի թողել։
Անուն՝ Մերի
Հարց՝ Բարև Ձեզ: Հղիությունս վեց շաբաթական է, ունեմ սրտխառնոց, բայց փսխման երևույթը չկա։ Ի՞նչ անեմ:
Պատասխան՝ Հղիության ընթացքում սրտխառնոցի առկայությունը հղիության վաղ տոքսիկոզի նշաններից մեկն է: Կապվեք հղիությունը վերահսկող գինեկոլոգի հետ, որպեզի կարողանաք մեղմացնել նշված գանգատը:
Անուն՝ Սառա
Հարց՝ Պոլիկիստոզի առկայությունը հաստատելու համար միայն ուլտրաձայնային հետազոտությունը բավարա՞ր է, թե՞ անալիզներ ևս անհրաժեշտ են:
Պատասխան՝ Իհարկե, պոլիկիստոզի ախտորոշման հարցում սոնոգրաֆիկ հետազոտությունը բավականին մեծ դեր ունի, սակայն այլ հորմոնալ հետազոտություններ կատարելը նույնպես պետք է:



