Առողջապահության նախարարի հատուկ հրամանով մարտի մեկից Հայաստանի տարբեր մարզերի հղիները անվճար ծննդաբերելու իրավունք կունենան միայն մարզի տարածքի իրենց նախընտրած ծննդատներում, իսկ Երևանում ծննդաբերելու համար ստիպված կլինեն վճարել:
Նորամուծության նպատակը մեկն է` մարզի հղիներին պետության կողմից հատկացվող գումարները մարզում պետք է մնան և նպաստեն մարզերի ծննդատների զարգացմանը:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասում է, որ հղիները մարզերում վերահսկվում են իրենց մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, և օրինաչափ կլինի, եթե ծննդաբերության լուծումը իրականացվի տվյալ մասնագետի ներկայությամբ:
«Ժամանակին մենք թույլ էինք տվել, որ ով որտեղ ցանկանա՝ այնտեղ էլ ծննդաբերի: Բայց ստացվում է, որ մարդիկ ցանկություն են ունենում մայրաքաղաքում կամ այլ մարզում ծննդաբերել, որով խախտվում է մասնագիտական կապը: Մարզերում գրանցված հղիների շուրջ մեկ երրորդը մայրաքաղաքի տարբեր ծննդատներում է ծննդաբերում։ Դա նշանակում է, որ նրանց համար մարզերին հատկացված միջոցները ևս այդ հղիների հետ Երևան են ուղղվում»,- ասում է նախարար Դումանյանը:
Երևանամերձ քաղաքների ծննդատների տնօրենները փաստում են, որ ծնունդների քանակը կիսով չափ կրճատվեց, երբ հինգ տարի առաջ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունքի հավաստագրերը տրվեցին հղիներին:
«Մեզ ասում էին` մեղքը ձեր մեջ փնտրեք, բայց մենք ի՞նչ անենք: Շատ լավ մասնագետներ ունենք, բժշկական վերջին սարքավորումներով հագեցած ենք, հիվանդասենյակները տաքացվում են, տեղադրել ենք կաթսաներ ու ապահովել մշտական ջուրը,- ասում է Էջմիածնի ծննդատան տնօրեն, 38 տարվա մանկաբարձ- գինեկոլոգ Աշոտ Սամսոնյանը: - Մեզնից հավաստագրերը ստանում են ու գնում Երևան, գումարը նստում է նրանց ծննդատների վրա, այնտեղի եղածը ավելի են լավացնում: Իսկ մենք քայքայման եզրին ենք, այսօր մեր ծննդատունը 14 մլն դրամ (34.500 դոլար) պարտքերի մեջ է`աշխատավարձի, կենսաթոշակի, էլեկտրաէներգիայի պարտք... դեկտեմբերին ունեցել ենք 36 ծնունդ»:
Մինչև 2008-ին հավաստագրերի շրջանառությունը Էջմիածնի ծննդատանը տարեկան գրանցվել է 1120-1150 ծնունդ, ինչը նշանակում է` մեկ ամսում միջինը 100 ծնունդ: Սա բավարարում էր, որ ծննդատունը գոնե հոգար իր ծախսերը: Սակայն հավաստագրերից հետո թիվը կտրուկ նվազեց: 2011-ին այստեղ ծնվել է 720 երեխա, 2012-ին`572: 2011 թվականին էջմիածնի կանանց կոնսուլտացիայում գրանցված 1600 հղիներից 1000-ը ծննդաբերել են Երևանում:
Էջմիածնում ապրող Թամար Մուրադյանը, ով պատրաստվում է չորս ամսից մայրանալու, փաստի առջև է կանգնել:
«Ուզում եմ ավելի լավ ու հարմարավետ պայմաններում ծննդաբերել, ինչը ապահովում են Երևանի ծննդատները, որտեղ պայմանները շատ ավելի լավն են: Մենք էլ ենք ուզում մեզ ավելի լավ զգալ: Նոր եմ իմանում, որ նման հրաման կա, ու ես փաստորեն չեմ կարող այնտեղ ծննդաբերել` զուտ վճարից ելնելով: 107 հազարը (264 դոլար) քիչ գումար չէ»,- ասում է Թամար Մուրադյանը:
Էջմիածնում ապրող 25-ամյա Լուսինե Հովհաննիսյանը մոտ օրերս լույս աշխարհ է բերելու երկրորդ երեխային: Առաջնեկը ծնվել է 2011-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Ասում է, որ երկրորդին որոշել է Էջմիածնում ունենալ:
«Չեմ հերքի, որ այնտեղ պայմանները շատ լավ են, բայց որոշել եմ այստեղ ծննդաբերել. նախ` մոտ է, բժիշկները լավն են, միայն գիտեմ, որ միջանցքներում է ցուրտ, քանի որ ընդհանուր ջեռուցում չկա»,- ասում է Լուսինեն:
էջմիածնի ծննդատունը կառուցվել է 1967 թվականին, երբևէ չի հիմնանորոգվել, ընդամենը մասնակի կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել: Փոխարենը` Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել ու ժամանակակից սարքավորումներով է հագեցվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնը, որի մեջ է մտնում նաև ծննդատունը:
«Մենք ու Արմավիրը համաչափ ծնունդներ էինք ունենում, բայց նայեք` նրանք վերանորոգված են, նրանց մոտ հոսքը պահպանվում է, այնտեղ դեկտեմբերին ունեցել են 103, իսկ մենք` 36 ծնունդ: Իհարկե, Արմավիրը Երևանից ավելի հեռու է` 40 կմ, քան Էջմիածինը` 20 կմ»,- ասում է Աշոտ Սամսոնյանը:
«Արտաշատի հիվանդանոց» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Զեմֆիրա Նավասարդյանը կարոտով է հիշում այն տարիները, երբ տարեկան 2500 ծնունդ էին ընդունում: 2012 թվականին Արտաշատի կանանց կոնսուլտացիայում գրանցված է եղել 1165 հղի, նրանցից 555-ը ծննդաբերել են Երևանում:
«Անգամ մոմի լույսի տակ այդքան ծնունդ էինք ունենում: Այսօր մարդիկ գնում են Երևան, մեզ մոտից Էրեբունու ծննդատուն են հասնում 15-20 րոպեում: Մեր պայմանները վատ չեն`ջեռուցում կա, ամեն օր ջուր կա, բուժանձնակազմը հմուտ է, գույքն է հին` 1987 թվականի: Բայց, դե, այս պայմաններում մենք չենք կարողանում ոչինչ անել: Այս հրամանը, կարծում եմ, մեզ համար փրկություն կլինի»,- ասում է Նավասարդյանը:
Նախարար Դումանյանի հրամանով այսուհետ մարզի ու Երևանի հղիների համար պետությունը նույն գումարն է վճարելու:
«Երևանում ծննդաբերելու համար պետությունը հղի կնոջ համար տվյալ բուժհիմնարկին վճարում էր 135 հազար (333 դոլար), իսկ մարզի պարագայում` 97 հազար (239 դոլար): Այսուհետ բուժհիմնարկների միջև, աշխարհագրական դիրքով պայմանավորված, տարբերություն չի դրվելու, անվճար ծննդօգնության հավաստագիրը նույն արժեքն է ունենալու»,- ասում է Դումանյանը:
Սամսոնյանն ասում է, որ տարբեր մարզերից ամեն ամիս Երևան ծննդաբերելու է գնում գրեթե 300 հղի, և նրանց համար պետությունը փաստացի վճարել է 135 հազար դրամ (333 դոլար):
«Առնվազն 300 ծնունդ` մեկ ամսում: 135-ից հանում ենք 97, մնում է 38 հազար: Այսինքն` 38 հազար դրամ (94 դոլար) մեկ ծննդին պետությունն ավելի է վարձատրում: 38 անգամ 300` ստացվում է 12 մլն դրամ (29.630 դոլար), տարվա կտրվածքով դա հսկայական թիվ է: Պետությունը տուժում էր, դե, հիմա մտածում են նաև, որ գոնե պետությունը չտուժի»,- ասում է Սամսոնյանը:
Նրանք, ովքեր կցանկանան Երևանում ծննդաբերել, այսուհետ կվճարեն իրենց գրպանից: Իհարկե, կլինեն նաև հատուկ դեպքեր, որոնք էլ հաշվի կառնվեն Երևանում անվճար ծննդաբերելու համար:
Հղիների հոսքը հիմնականում Երևանի երեք հիվանդանոցներն են`«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, «Մարգարյանի անվան մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն», «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ԲԲԸ բաժնետիրական ընկերություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատերն է առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը: