Ինչքան գումար է պետք` նորածնին տանը դիմավորելու համար

Հղիության առաջին իսկ օրվանից ապագա ծնողները նախապատրաստվում են երեխայի լույս աշխարհ գալուն:

Նրա համար պատրաստում են «օժիտ» ասվածը, որն իր մեջ ընդգրկում է հիմնականում հետևյալ պարագաները` շապիկ, բարուրաշոր, տակաշոր կամ միջադիր, գուլպա, թաշկինակ, կապովի գլխարկ, բոդի, վերնազգեստ, տոտիկ: Այս իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես   40-60 հազար դրամ: Օրորոցի արժեքը սկսվում է  60-ից մինչև 400  հազար դրամ, մանկասայլակ` 40-170 հազար դրամ, պահարան գնելու համար անհրաժեշտ է 70-90 հազար դրամ; Անկողնային պարագաները և սպիտակեղենը  20-60 հազար դրամ, լոգանքի պարագաները` 15-25 հազար դրամ:

Մանկական մկրատ, յուղ կամ կրեմ, օճառ, նուրբ խոզանակ մազերի համար, բամբակյա ծայրերով փայտիկներ` ականջները մաքրելու համար, ծծակ, պլասմասե կամ ապակե շիշ, գդալ, ափսե, մի քանի դեղեր. սրանք էլ` 20-30 հազար դրամ: Փաստորեն, ամենաառաջնային ծախսերը նվազագույնը կազմում են 200 000 դրամ: Եթե  դրան գումարվի պահարանի, տադիրի սեղանի, օրորոցի վրա ճոճվող խաղալիքների ու մի շարք այլ հավելյալ պարագաների ծախսը, այդ գումարը կեռապատկվի: Իսկ եթե  որոշեք երեխայի համար առանձին սենյակ կահավորել, ապա պետք է ձեռքի տակ ունենաք հավելյալ առնվազն մի քանի հազար դոլար:

Սակայն  բոլորը չէ, որ հնարավորություն ունեն ձեռք բերել բոլոր պարագաները: Նոր մայրացած Մարինեին, օրինակ,  օգնելու են ազգականները: «Ամիսներ առաջվա հավաքած գումարով կարողացանք գնել մի քանի իրեր, մնացածները քույրս կտա իր երեխաների օգտագործածը: Բայց ամեն դեպքում որ վերջնական ծախսերը հաշվեցինք,  կազմեց մի կլորիկ գումար: Մտածում էինք` երեխային անվանակոչել Ոսկի, դե որ էդքան թանկ ստացվեց»,- կեսկատակ ասում է նա:

Նրա խոսքով` որքան էլ պետությունը խրախուսի նորածիններին որոշակի գումար հատկացնելով, կամ հիվանդանոցային ծախսերը հոգալով` միևնույնն է, իրենց հոգսը չի թեթևանում: Ծախսվող գումարը գրեթե տրամադրվողի քառապատիկն է:

Իսկ ահա Արմինեն ու ամուսինը  աշխատում են: Նրանք նույնպես փորձել են գնել ամենաանհրաժեշտը:

«Երեխայի համար ամենաառաջնայինը և կարևորը, կարծում եմ, օրորոցն է, մենք նախընտրել ենք 80 հազար արժողությամբը: Գնել ենք նաև մի քանի  հագուստ և անկողին: Սեղանն ու աթոռը, մեզ համար,  արդեն արդեն ճոխություն կլինի»,-ասում է Արմինեն:

Իսկ Էմման և Աշոտը առաջնեկի ծննդյան կապակցությամբ տեղփոխվել են նոր բնակարան: Երեխայի սենյակը լի էր խաղալիքներով. պատերին և վարագուրներին մանկական նկարներ էին, անկյունում պահարանն ու տակդիրները փոխելու սեղանն էր: Նրանք, վստահաբար, միջին` 185 000-ի առնվազն եռապատիկն էին ծախսել:

Անի Ասատրյան