Կարո՞ղ են արդյոք հղի կանայք ծովափնյա հանգստի մեկնել: Մեկնելու պարագայում ինչ կանոնների պետք է հետևեն:
Հարցին անդրադարձել է «Սլավ Մեդ» ԲԿ-ի ընտանեկան բժիշկ, թերապևտ Կարինե Ստեփանյանը.
- Սա վիճելի հարց է: Մասնագետների մի մասը պնդում է, որ առողջ հղիության պարագայում որևէ խոչընդոտ չկա, բայց կա նաև հակառակ կարծիքը: Օրինակ` եթե կինը մինչև հղիության 12-րդ շաբաթն ինքնաթիռով տեղ է մեկնում, վիժման կամ չզարգացող հղիության ռիսկը մեծանում է: Հիմա չգիտենք, եթե հղին չմեկներ, կպահվե՞ր հղիությունը, թե՞ ոչ: Բայց փաստ է, որ խնդիրն առավել հաճախ ի հայտ է գալիս ինքնաթիռով ճամփորդած կանանց մոտ:
Ուստի, երբ նոր է զարգանում հղիությունը, ինքնաթիռային ուղևորությունները ցանկալի չեն: Նույնը նաև հղիության վերջին փուլում` 32 շաբաթականից հետո: Հանգիստը ցանկալի է կազմակերպել հղիության 2-րդ եռամսյակում: Հղիները սովորական առողջ մարդիկ են, ուղղակի` ռիսկի մեծ խմբերով, այնպես որ հանգստավայրում պետք է հետևեն նույն կանոններին, ինչ բոլորը:
Բայց հղիները ինֆեկցիոն առումով ավելի խոցելի են ծովափնյա հանգստի պարագայում: Կեղտոտ ջրի հետ շփումը մեծացնում է սեռական ուղիների վարակվելու հավանականությունը, որոնցով հետո երեխան պետք է ծնվի: Ուստի, լողափ ընտրելիս պետք է բծախնդիր լինել:



