Հղիության ընթացքում հանդիպող փոքր խանգարումներ և շեղումներ

Հղիության սկզբում մարմնի ջերմությունը փոքր-ինչ բարձրանում է, որը չի պահանջում բուժում:

Հոգնածություն

Հղիությունը կարող է ունենալ տարբեր ազդեցություն. որոշ կանայք հղիության ընթացքում իրենց շատ լավ են զգում, մյուսները ունենում են որոշ թուլություն: Խոշոր կանայք ավելի հեշտ են տանում  ծանրաբեռնվածությունը, քան փոքր մարմնակազմությամբ կանայք: Հոգնածությանը պետք է լուրջ վերաբերվել: Անհրաժեշտ է ավելի հաճախ ընդմիջել աշխատանքը, եթե հնարավոր է` ոտքերը բարձրացնել: Եթե հոգնածությունը շարունակվում է 2 և ավելի շաբաթ, անհրաժեշտ է դիմել բժշկի:

Սակավարյունություն

Հոգնածությունը կարող է լինել սակավարյունության նշաններից մեկը: Սովորաբար հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ իջնում է շրջանառվող արյան ծավալի մեծացման հետևանքով: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ձեզ կնշանակի երկաթի պատրաստուկներ, կշտկի ձեր սննդակարգը` ավելացնելով կենդանական ծագման որոշ մթերքներ, մրգեր և բանջարեղեն:

 

Սպիտահոսություն

Հղիության ընթացքում մեծանում է սպիտահոսությունը` հեշտոցային արտադրությունը սեռական ճեղքից: Եթե արտադրությունը ուղեկցվում է քորով, այնուհետև վատ հոտով, անհրաժեշտ է դիմել բժշկի և կատարել քսուքի քննություն: Անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան կատարել արտաքին լվացում: Ներլվացումներ խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են մեծացնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը:

 

 

Շարունակելի

 

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան