Սուրճի ճիշտ օգտագործումը  հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում

Հղիություն

Օրվա ընթացքում մի քանի գավաթ սուրճ խմելը շատ կանանց համար սովորություն է։

Բայց շատերին է հետաքրքրում՝ կարելի՞ է սուրճ խմել հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում։ Սուրճի ճիշտ ճգտագործման, օրգանիզմի վրա դրա ունեցած ազդեցության մասին զրուցել ենք «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիա Վարդանյանի  հետ։

-Քանի՞ բաժակ սուրճ կարող է խմել  հղի կինը կամ կերակրող մայրիկը օրվա ընթացքում։

Այս ընթացքում կինը օրվա մեջ կարող է օգտագործել մեկ բաժակ սուրճ, առավելագույն դեպքում՝ երեք։ Բայց շատ կարևոր է, որ սուրճը, որը համարվում է առույգացնող ըմպելիք, կինն օգտագործի առավոտյան ժամերին։ Քնելուց առաջ սուրճ խմելը խստիվ արգելվում է։

-Ինչո՞ւ չի կարելի չարաշահել սուրճը։

Հղիության ընթացքում կամ կրծքով կերակրելու ժամանակ մեծ քանակությամբ սուրճ չի կարելի օգտագործել, քանի որ այն օրգանիզմից դուրս է բերում կալցիումը։ Իսկ կնոջ օրգանիզմը առանց այդ էլ ունենում է կալցիումի մեծ չափաբաժնի կորուստ՝ հատկապես հղիության 18-20-րդ  շաբաթներում, երբ զարգանում  է փոքրիկի ոսկրային համակարգը և կրծքով կերակրելու ամբողջ ընթացքում։

-Հղիության ընթացքում սուրճի օգտագործման հակացուցումներ կա՞ն։

Սուրճ չպետք է օգտագործեն այն կանայք, որոնց օրգանիզմում կա ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ովքեր ունեն գաստրիտներ, խոցային հիվանդություններ։ Սուրճ նաև խորհուրդ չի տրվում խմել գլխացավերի, սրտխառնոցի ու փսխումների դեպքում։

Սուրճ կարող են օգտագործել այն կանայք, ովքեր ունեն անոթային ցածր ճնշում, ինչն էլ առաջացնում է այտուց ոտքերի շրջանում։ Այս ըմպելիքն ունի միզամուղ հատկություն և կօգնի ազատվել այդ այտուցներից։

-Ինչպե՞ս ճիշտ օգտագործել սուրճը։

 Որպեսզի հղիության ու կրծքով կերակրելու  ընթացքում մայրիկը հնարավորինս քիչ վնաս հասցնի իր օրգանիզմին, կարևոր է, որ նա ճիշտ օգտագործի սուրճը։ Սուրճը չի կարելի խմել քաղցած վիճակում, քանի որ այն բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։ Կարևոր է, որ օգտագործվող սուրճը մեծ քանակությամբ կոֆեին չպարունակի։ Ճիշտ կլինի, որ այն խմեք կաթով կամ սերուցքով։ Եվ որ ամենակարևորն է՝ օրվա ընթացքում կնոջ օրգանիզմը պետք է ստանա կալցիում պարունակող սննդամթերքի պարտադիր չափաբաժին։ Կյանքի այս կարևոր փուլում ամենօրյա սննդակարգում անպայման ներառեք կաթնամթերք, հում բանջարեղեն ու միրգ,  ընդեղեն ու ձկնամթերք։

 

Հեղինակ՝ Արփինե Մուրադյան