Որքա՞ն պետք է ավելանա նորածնի քաշը

Նորածնի քաշի դինամիկան երեխայի աճը գնահատելու կարևոր ցուցանիշներից է։ Երեխայի աճը գնահատելիս կարևոր է հաշվի առնել տարիքը, քաշը ծննդյան պահին, հետագա չափումների տվյալները և ընդհանուր աճի դինամիկան։

Ի՞նչ է տեղի ունենում երեխայի կյանքի առաջին օրերին

Կյանքի առաջին օրերին նորածինների մեծ մասը որոշ չափով կորցնում է քաշը։ Սա ֆիզիոլոգիական երևույթ է և կապված է օրգանիզմի հեղուկի բնական փոփոխությունների և կերակրման գործընթացի հետ։

Հետագայում երեխան սկսում է կրկին քաշ հավաքել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ WHO-ի տվյալներով՝ առողջ նորածինների մեծ մասը ծննդյան քաշին վերադառնում է կյանքի առաջին շաբաթների ընթացքում, սակայն կոնկրետ ժամկետը կարող է տարբեր լինել՝ կախված սկզբնական քաշի կորստի չափից և կերակրման արդյունավետությունից։

Որքա՞ն պետք է ավելանա քաշը

WHO-ի վերջին ուղեցույցում նշվում է, որ առաջին 3 ամիսներին փոքրիկը սովորաբար շաբաթական մոտ 150–200 գրամով է ավելանում, իսկ 3–6 ամսականում՝ մոտ 100–150 գ կամ ավելի։ Եթե երեխայի քաշի ավելացումը զգալիորեն պակաս է, խորհրդակցեք մանկաբույժի հետ։ 

WHO-ն երեխաների աճը գնահատելու համար օգտագործում է ոչ միայն քաշի, այլև քաշ-տարիք, հասակ-տարիք և քաշ-հասակ ցուցանիշները։ Այդ պատճառով երեխայի քաշը պետք է գնահատել աճի կորի և ոչ թե մեկ առանձին թվի հիման վրա։

Ինչո՞ւ կարող է քաշի ավելացումը տարբեր լինել

Երեխաների աճի տեմպերը տարբեր են։ Նույն տարիքի երկու առողջ երեխաներ կարող են տարբեր քաշ ունենալ և տարբեր արագությամբ քաշ հավաքել։

Կարևոր է ոչ միայն այն, թե քանի գրամ է ավելացել երեխայի քաշը մեկ շաբաթում, այլ նաև՝ արդյո՞ք նրա քաշը ժամանակի ընթացքում շարունակում է աճել և պահպանել իր աճի կորի համապատասխան ընթացքը։

Ե՞րբ է պետք դիմել մանկաբույժի 

Եթե երեխայի քաշը չի ավելանում կամ նվազում է աճի կորի վրա, կան կերակրման հետ կապված խնդիրներ, անհրաժեշտ է դիմել մանկաբույժի։

Նման իրավիճակում բժիշկը սովորաբար գնահատում է երեխայի սնուցումը, կերակրման արդյունավետությունը, քաշը, հասակը և դրանց փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ։

Որքա՞ն հաճախ կշռել նորածնին

Առողջ երեխային շատ հաճախ կշռելն անհրաժեշտ չէ։ Չափազանց հաճախակի կշռումը կարող է ծնողների մոտ ավելորդ անհանգստություն առաջացնել, քանի որ կարճ ժամանակահատվածում քաշը կարող է փոքր տատանումներ ունենալ։

Եթե երեխայի աճի վերաբերյալ մտահոգություն կա, քաշի չափման հաճախականությունը պետք է որոշի մանկաբույժը՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և իրավիճակը։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության և խնամքի գերազանցության ազգային ինստիտուտի (NICE) ուղեցույցը աճի հետ կապված մտահոգությունների դեպքում խորհուրդ է տալիս 1–6 ամսական երեխաներին սովորաբար կշռել շաբաթը մեկ անգամ։

Աղբյուը՝ WHO, NICE