Հատկապես նորածնին գրկելիս անհանգստանալը միանգամայն բնական է։ Իրականում երեխաներն այնքան փխրուն չեն, որքան կարող են թվալ, սակայն նրանց գրկելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր կանոն։
Նորածնին վերցնելիս անհրաժեշտ է լավ պահել նրա գլուխն ու պարանոցը։ Երեխայի գլուխը մարմնի ամենածանր հատվածն է, իսկ պարանոցի մկանները դեռ այնքան զարգացած չեն, որ կարողանան այն ինքնուրույն պահել։
Նորածնին անվտանգ վերցնելու համար մի ձեռքով պահեք նրա պարանոցն ու գլուխը, իսկ մյուսով՝ հետույքը։ Մատները հնարավորինս լայն բացեք, որպեսզի գլխին և պարանոցին առավել լավ հենարան ապահովեք։
Երբ երեխային բարձրացնեք, պահեք նրան ձեր մարմնին մոտ, որպեսզի նա ապահով դիրքում լինի։ Շարունակեք մի ձեռքով պահել նրա գլուխն ու պարանոցը, իսկ մյուս ձեռքով կամ նախաբազկով՝ մեջքն ու հետույքը։
Երբ ցանկանում եք երեխային նորից պառկեցնել, հնարավորինս մոտեցեք այն մակերեսին, որի վրա պատրաստվում եք նրան դնել։ Պառկեցնելիս շարունակեք ձեռքերով պահել նրա գլուխը, պարանոցն ու հետույքը։ Երեխային զգուշորեն պառկեցրեք մեջքի վրա և ձեռքերը մի հեռացրեք, քանի դեռ նա ամբողջ մարմնով չի հենվել մակերեսին։
Եթե երեխային փոխանցում եք մեկ ուրիշի, գործում են նույն հիմնական կանոնները․ մոտեցեք այդ մարդուն, շարունակեք պահել երեխայի գլուխը, պարանոցն ու հետույքը և բաց մի թողեք նրան, մինչև համոզվեք, որ մյուս մարդը երեխային լիովին և ապահով պահում է։
Նույնիսկ երբ երեխան սկսում է ավելի լավ վերահսկել գլխի և պարանոցի շարժումները, վերցնելիս և պառկեցնելիս շարունակեք լրացուցիչ հենարան ապահովել։ Երբ նա արդեն կարողանա ինքնուրույն պահել գլուխը և նստել՝ հենարանով կամ ինքնուրույն, (սովորաբար 4–7 ամսականում), կարելի է սկսել նրան բարձրացնել՝ ձեռքերը թևատակերի տակ դնելով։
Երեխային վերցնելիս և պառկեցնելիս զգույշ եղեք, որպեսզի պատահաբար չվնասեք նրան։ Կարևոր է նաև պաշտպանել ինքներդ ձեզ վնասվածքից։ Երեխային բարձրացնելիս և իջեցնելիս աշխատեք հիմնականում ձեռքերի, ոտքերի և որովայնի ու իրանի մկաններով, ոչ թե մեջքով, որպեսզի մեջքի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չընկնի։
Աղբյուրը՝ Babycenter



