Երեխայի բարուր. ինչու՞ խորհուրդ չի տրվում բարուրել փոքրիկին եւ ի՞նչ հետեւանք կարող է թողնել երեխայի առողջության վրա

Հարցերին պատասխանում է  Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը

Ինչու՞ էին նախկինում բարուրում փոքրիկին, իսկ հիմա՝ ոչ

Չեմ կարող ասել՝ ինչու էին նախկինում բարուրում, բայց հիմա ապացուցված է, որ բարուրելը ոչ մի դրական ազդեցություն չունի, ընդհակառակը` բացասական հետևանքները շատ-շատ ավելի մեծ են:

Որո՞նք են հիմնական հակացուցումները

Բարուրելու հետևանքով առաջանում են մի շարք խնդիրներ: Առաջինը կոնքազդրային հոդերի հետ կապված խնդիրներն են: Ապացուցված է, որ հիմա, քանի որ երեխաներին չեն բարուրում, մոտավորապես 10 անգամ նվազել են կոնքազդրային հոդերի հետ կապված խնդիրները: Երեխաների մոտ  30 տոկոսը ծնվում է կոնքազդրային հոդերի որոշակի թերզարգացումով, և երբ չեն բարուրում երեխաներին, նրանք կարողանում են շարժվել, և հոդը որոշակի չափով զարգանում է, իսկ բարուրելու դեպքում, ֆիքսված վիճակում մնալով, խնդիրներ են առաջ գալիս: Երկրորդ հիմնական խնդիրը հիպոթերմիայի զարգացումն է բարուրված երեխաների մոտ (մանավանդ ամուր բարուրելու հետևանքով): Քանի որ նրանք չեն կարողանում շարժվել, սառչում են,և ամուր բարուրելու հետևանքով կարող է զարգանալ արյան շրջանառության խանգարում: Մյուս բացասական հետևանքն այն է, որ կրծքով կերակրման ժամանակ երեխայի գլուխը ֆիքսված է, նա չի կարողանում հարմարացնել ու ճիշտ բռնել կուրծքը: Բացի դրանից, բարուրված երեխան ավելի շատ է քնում և ավելի քիչ է կուրծք ուտում, իսկ երեխան որքան քիչ կուրծքը քաշի, այնքան մայրիկի մոտ կաթը քիչ կլցվի, հետևաբար կսկսեն խնդիրներ առաջանալ:

Ինչո՞վ է հնարավոր փոխարինել բարուրը

Երեխաներին ցանկալի է հագցնել բամբակյա (նաև բրդյա) հագուստ: Հագուստը պետք է լինի ազատ, հեշտ հանվող, հեշտ լվացվող և չորացող, քանի որ մայրիկը օրվա ընթացքում մի քանի անգամ փոխում է դրանք:

Ի՞նչ կլինի, եթե բարուրեն փոքրիկին

Կարող են առաջանալ կոնքազդրային հոդերի, կրծքով կերակրման, նյարդամկանային զարգացման խնդիրներ: Սովորաբար բարուրված երեխայի մոտ վիտամին D-ի սինթեզն է խանգարվում, քանի որ օդի հետ շփում չի լինում: Երբ երեխան սկսում է քայլել, կարող են զարգանալ X-աձև և O-աձև դեֆորմացիաներ: Իսկ երբ բարուրված չի լինում, շարժվում է, և ոսկրամկանային համակարգը պատրաստ է լինում քայլելու: