Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:
Ինչպե՞ս խնամել նորածնի պորտը:
Ներարգանդային կյանքում պտղի սնուցումն ու նյութափոխանակությունը տեղի է ունենում ընկերքի միջոցով։ Ընկերքը պորտալարով միանում է պտղին։ Ծնվելուց հետո նորածնի պորտալարը կտրվում է, և որովայնին մնում է 2-3սմ պորտալարի մնացորդը։ Պորտը պետք է պահել չոր և մաքուր։
Որքա՞ն ժամանակահատվածում է լավանում և չորանում վերքը:
Պորտալարի մնացորդը չորանում և ընկնում է 1-3 շաբաթվա ընթացքում։ Պորտի վերքից հնարավոր է քիչ արյունային և շճային արտադրություն։
Ի՞նչ անել, որպեսզի պորտի վերքը շուտ լավանա ու առանց բարդությունների:
Պետք չէ պորտը որևէ բանով ծածկել։ Տակդիրը պետք է այնպես հագցնել, որ պորտիկը բաց մնա։ Որևէ նյութով մշակելու կարիք չկա։
Ի՞նչ հակացուցումներ կան:
Երբեք չձգել պորտալարի մնացորդը, եթե նույնիսկ թվում է, թե այն արդեն ընկնում է։ Պորտալարի մնացորդը չպետք է պատճառ լինի նորածնին չլողացնելու համար։ Նորածնին պետք է ամեն օր լողացնել։
Երբեմն պորտի վերքի մեջ ինֆեկցիայի թափանցման դեպքում հնարավոր է պորտի բորբոքում։
Ե՞րբ դիմել բժշկի:
Բժշկի պետք է դիմել, եթե`
• Պորտի շուրջ մաշկը կարմիր է:
• Պորտի վերքը թաց է, կա դեղնավուն արտադրություն:
• Պորտի շուրջը ձեռք տալիս ցավում է, երեխան լաց է լինում:
• Պորտից առկա է առատ կամ անընդհատ կրկնվող արյունային արտադրություն։