Ի՞նչ ծծակ ընտրել փոքրիկի համար. այս հարցը չունի միանշանակ պատասխան, քանի որ, ի վերջո, այն ընտրում է փոքրիկը: Այդուհանդերձ, ծնողները պետք է իմանան ժամանակակից ծծակների հիմնական բնութագրերը:
Դրանք տարբերվում են` ըստ չափսերի, պատրաստման նյութերի, ձևի և այլն:
Ծծակի չափսերը
Ծծակի նախընտրելի չափսը կախված է փոքրիկի տարիքից: Դրանք 3-ն են`
- մինչև 3 ամսական
- մինչև 6 ամսական
- 6-18 ամսական
Նշանակություն ունեն նաև երեխայի մարմնի չափսերը՝ փոքրամարմին է, թե ոչ:
Ծծակի նյութեր
Ծծակի պատրաստման համար օգտագործվող նյութերը լինում են 2 տեսակի` լատեքսային և սիլիկոնե: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:
Լատեքսը պատրաստված է սպիտակուցներից, ամինաթթուներից և բնական պոլիմերներից: Լատեքսից պատրաստված ծծակները բավականին փափուկ են և ունեն դեղին գույն:
Դրանք խորհուրդ են տրվում վաղաժամ ծնված և թույլ փոքրիկներին. ծծակը բերանի մեջ տաքանալով՝ նմանվում է մոր կրծքին:
Լատեքսից ծծակներն ունեն նաև թերություններ. լատեքսում պարունակվող սպիտակուցը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: Բացի այդ, նման ծծակները շուտ են կեղտոտվում և դժվար են լվացվում: Լատեքսը նաեւ վնասվում է արևի ուղիղ ճառագայթներից, առաջանում են ճաքեր, որոնց վրա էլ պահպանվում են մանրէները: Ցանկալի չէ ծծակը թողնել տաքացնող սարքերի մոտ կամ արևի ուղիղ ճառագայթների տակ:
Ժամկետանց լատեքսից ծծակը փոխում է գույնը, և դեղինը վերածվում է բաց շագանակագույնի, ծծելու ժամանակ դրա պատերը չորանում են: Նկատելով այդպիսի փոփոխություններ՝ ծնողները պետք է դեն նետեն տվյալ ծծակը: Լատեքսից ծծակները խորհուրդ է տրվում փոխել մեկ ու կես ամիս հաճախականությամբ:
Սիլիկոնը սինթետիկ, սպիտակ նյութ է: Բաց գույնի սիլիկոնե ծծակների առավելությունն այն է, որ փոքրիկների մոտ չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Այն, ի տարբերություն լատեքսի, երկար ժամանակ պահպանում է իր ձևն ու առաձգականությունը, չի կլանում հոտ: Այս ծծակները շատ հեշտ են մաքրվում և ավելի հիգիենիկ են:
Սիլիկոնե ծծակն ավելի հարմար է այն երեխաներին, որոնք ունեն լավ արտահայտված ծծելու ռեֆլեքս: Բայց և օգտագործելիս ու տաքանալիս դրանք աստիճանաբար դառնում են կոշտ և կարող են կոտրվել:
Ատամներ ունենալու դեպքում փոքրիկը կարող է կծել այն, կուլ տալ մասնիկը և խեղդվել: Հետևաբար, այդ ժամանակահատվածում ցանկալի չէ օգտագործել սիլիկոնե ծծակ:
Ամեն անգամ, մինչ ծծակը երեխային տալը, անհրաժեշտ է այն ստուգել՝ կծած հատված կա, թե ոչ: Այտուցված լնդերի դեպքում ցանկալի չէ օգտագործել ծծակ, քանի որ լնդերի քորը հանգստացնելու համար կան հատուկ արտադրատեսակներ՝ այսպես կոչված քորիչներ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...