«Իմ փոքրիկ»-ը շարունակում է ներկայացնել այն քայլերը, որոնց հետեւելով՝ կհեշտացնեք փոքրիկի խոսքի զարգացումը: Եվ այսպես, ինչ է պետք օգտագործել՝
- Ոչ միայն բառեր, այլեւ արտահայտություններ
Մի կենտրոնացեք միայն բառերի վրա: Օգտագործեք արտահայտություններ, ինչպիսիք են «արի մամայի մոտ», «գնդակը պապային տուր»: Դուք պետք է հաճախ կրկնեք արտահայտությունները՝ երբեմն նաեւ արտիստիկ մատուցմամբ:
- Ձայնային էֆեկտներ
Արդյունավետ է նաեւ խոսքը համեմել տարբեր ձայնային հնչերանգներով: Օրինակ՝ եթե փոքրիկի հետ բեռնատար խաղալիք եք քշում, շարժիչի ձայնը կրկնօրինակեք՝ «ղը~մ, գըղը~մ» կամ ազդանշանի՝ «տիդի~տ»: Կրկնօրինակեք նաեւ կենդանիների ձայնը՝ «մյաու~», «հաֆ-հաֆ», «իա~» եւ այլն:
- Ժեստերի լեզու
Սովորեցրեք նրան ժեստերի լեզուն: Այդպես փոքրիկի ընկալումը ճկուն կդառնա: Թող նա նույնպես իր ասելիքը եթե ոչ բառերով, ապա ձեռքերի ու միմիկայի միջոցով տեղ հասցնի: Սկզբնական փուլում դա կհեշտացնի նրա հաղորդակցությունը, հետո փոքրիկը կձգտի ժեստերը փոխարինել խոսքով: Խրախուսեք նաեւ այդ անցումը:
- Բարձրաձայն ընթերցանություն
Փոքրիկի համար հեքիաթներ կարդացեք: Եթե փոքրիկը հետաքրքրված չէ, ցուցադրեք նկարներն ու պատմեք դրանց մասին: Բառերն արտաբերեք հատ-հատ ու արտահայտիչ: Եթե կան ոչ հասկանալի բառեր, բացատրեք դրանք պարզ հոմանիշներով կամ իրադրությունը ներկայացնելով:



