Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 1

Զարգացում

Հասարակ ու պարզ, բայց շատ օգտակար խաղերը կօգնեն երեխային ծանոթանալ շրջապատող աշխարհին:  Այս խաղերը նպաստում են տրամաբանության և սոցիալական  հմտությունների զարգացմանը:

Որտե°ղ

Ամենահասարակ բառախաղը կարող եք սկսել խաղալ երեխայի հետ 7 ամսական հասակից:  Մայրիկը հարցնում է երեխային՝  «որտե՞ղ է արևը» ( հատակը,

ծառը, դուռը), իսկ երեխան ցույց է տալիս այն:  Եթե ճիշտ է մատնացույց անում, մեծն ուրախությամբ հաստատում է: Եթե երեխան չի իմանում, մեծն ինքն է ցույց տալիս առարկան և ասում «ահա արևը»:

Երեք տարեկանն էլ հաճույքով մասնակցում է այս խաղին, միայն պետք է ընտրել ավելի բարդ առաջադրանք: Փողոցում քայլելիս երեխային հարցրեք՝ որտեղ է փոստարկղը, կանգառը, յասամանի թուփը, մթերային խանութը և այդպես շարունակ:

Ով ինչպես է կանչում

Մեծահասակը թվարկում է կենդանիների անունները և արտաբերում է դրանց բնորոշ ձայները: Աստիճանաբար երեխան սկսում է ոչ միայն լսել, այլև կրկնել այդ ձայները: Դրանից ստացվում է խաղ. մեծահասակն  ասում է՝ «գորտը», երեխան ասում է «կվա-կվա», «աքաղաղը»`«ծու~-ղրու~-ղու~» և այլն:

Ուտելի և ոչ ուտելի

Մեծը թվարկում է երեխային ծանոթ տարբեր առարկաներ (մահճակալ, տուն, կոնֆետ, ամպ, կաթիկ և այլն): Այն պահին, երբ մեծահասակն արտաբերում է ուտելի մթերքի անուն, երեխան պետք է ասի`  «նյամ» կամ ծափ  տա:

Մարմնի մասեր

Մեծահասակը  ցուցամատով թխկթխկացնում  է սեղանին կամ իր ծնկին և ասում՝ «կաթում է, կաթում է  անձրևը և հիմա կթռչի քիթիկիդ վրա» (ձեռքիդ, փորիկիդ, ծնկիդ): Երեխան այդ պահին  պետք է ափով փակի քիթը (ձեռքը, փոքրիկը, ծունկը): Եթե նա դա չի անում, մեծը ցույց է տալիս երեխայի քիթը և ասում՝ «անձրևի կաթիլ՝  քթի վրա»:

Սովորելով մարմնի հիմնական մասերը` աստիճանաբար ավելացրեք և մյուս մասերը (դաստակը, անրակը և այլն):

 

Շարունակելի

 

Գովազդ