Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 4

Զարգացում

Շատ-շատ

Նախ մեծահասակը երեխային սովորեցնում է, որ կենդանիների խմբերն ունեն իրենց անունները՝ կովերի խումբը կոչվում է նախիր, ոչխարներինը`հոտ, գայլերինը`ոհմակ, ձկներինը`վտառ, մեղուներինը`պարս, թռչուններինը`երամ ու այսպես շարունակ:  Այնուհետև մեծահասակը հարցնում է՝ ինչպես են կոչվում շատ-շատ կովերը (այսինքն՝ կովերի խումբը), երեխան պատասխանում է`նախիր: Եթե երեխան չի իմանում, պատասխանը տալիս է մեծը: Կենդանիներից բացի, կարող եք նաև առարկաների անուններ նշել: Օրինակ` շատ ծաղիկներ` ծաղկեփունջ,  շատ տներ` քաղաք և այլն:

Միևնույն ընտանիքից

Մեծն անվանում է «ընտանիքը», օրինակ` բանջարեղեն: Երեխան, որպես պատասխան, պետք է հիշի որևէ բանջարեղենի անուն:

Ծափ

Նախ՝ մեծահասակն ու երեխան պայմանավորվում են, որ երեխան պետք է ծափ տա, երբ լսի, օրինակ, ուտելիքի անուն կամ առարկայի անուն, որը կարմիր է և այլն: Այնուհետև մեծն սկսում է թվարկել տարբեր առարկաներ: Երեխան պետք է ծափահարի՝ համաձայնության նշան տալով, երբ հնչում  է պայմանավորվածությանը համապատասխանող առարկայի անունը:

Թռչում է, չի թռչում

Մեծն  ասում է. «Կռունկը…թռավ,  ծիտիկը  թռավ, գետաձին…»: Եթե ասում է թռչող օբյեկտ, երեխան ձեռքերը բարձրացնում է վերև, եթե թռչող չէ, ձեռքերը տարածում է մարմնի երկայնքով: Եթե երեխան սխալվում է, մեծը կարող է ծիծաղելով ասել` «գետաձին թռավ» կամ «արագիլն ընկավ»: 

Նոր խոսք

Մեծը խնդրում է երեխային հնարել նոր բառ և բացատրել՝ ինչ է դա նշանակում: Ավելի լավ և հեշտ է հորինել  նոր կենդանու անուն և բացատրել, թե որտեղ է նրա բնակության վայրը, ինչով է սնվում և այլն:

Կրկին սխալ

Այս խաղը պահանջում է նախնական պատրաստվածություն, արագ արձագանք և լավ երևակայություն: Մեծը պատմում է պատմություն՝ միտումնավոր սխալներ թույլ տալով. «Ես գնացի անտառ՝ զբոսնելու: Ես քայլում եմ, հավաքում տարբեր տեսակի սնկեր՝ սպիտակ, շամպինիոն, ծառի սունկ:  Հետո նորից համով սունկ գտա՝ ճանճասպան: Լավ է ման գալ անտառում, բայց ցուրտ է, ամեն դեպքում դեկտեմբերն է»: Երեխան կանգնեցնում է մեծին և մատնանշում  սխալները:

Ինչ զգաց արջի քոթոթը

Մեծը նկարագրում է իրավիճակներ, որոնք տեղի են ունեցել արջի հետ (դերակատարման մեջ ավելի լավ է վերցնել նրա սիրած խաղալիք հերոսին): Երեխան պետք է ենթադրի՝ ինչ զգաց արջուկը, երբ նրանից խլեցին կոնֆետը (գովեցին, երբ լվաց բաժակը, կարդացին հետաքրքիր հեքիաթ և այլն): Իրավիճակը պետք է վերցնել երեխայի հետ պատահած դեպքերից:  Երբ երեխան ընկալեց խաղը, կարելի է քննարկել, թե ինչ զգացին պատմության մասնակից մյուս կերպարները: 

Շարունակելի

 

Գովազդ