Երեխային ճիշտ սիրելու ուղեցույց

Զարգացում

Բոլոր ծնողներն էլ սիրում են իրենց երեխաներին: Բայց ինչպե՞ս այդ սերն արտահայտել, որպեսզի երեխան երես չառնի կամ դա նրան չխանգարի:

Գոյություն ունի շփման երկու շատ կարևոր ձև

·         Տեսողական կապ

·         Ֆիզիկական կապ

Ծնողներից շատերը սևեռվում են այս կետերից մեկի վրա՝ մոռանալով մյուսի կարևորությունը: Շատ ժամանակ ծնողները ճշտապահությունն ու պատասխանատվությունը շփոթում են պատժի հետ: Այսպիսով, ծնողը կարող է անսահման սիրել երեխային, սակայն փոքրիկը ոչ մի կերպ դա չզգա:

Երեխան, ով փոքր տարիքում ծնողների հետ չի ունեցել հոգևոր կապ, պատանեկության տարիներին կարող է որոշակի բարդություններ ունենալ:  Այդ իսկ պատճառով ծնողները պետք է ճիշտ բաշխեն իրենց սերն ու ուշադրությունը:

Տեսողական կապ: Այս կապն ահրաժեշտ է ոչ միայն երեխային որևէ բան հասկացնելու, այլ նաև նրան ձեր սիրո մասին հայտնելու համար: Ցավոք, մենք հաճախ նայում ենք երեխայի աչքերի մեջ, երբ զայրանում ենք կամ նախատում ենք նրան: Հիշեք՝ ձեր մի հայացքը շատ բան կարող է փոխել երեխայի աշխարհընկալման ձևավորման հարցում: Եթե դուք այս կապն օգտագործում եք միայն զայրույթի ժամանակ, ապա երեխայից մի պահանջեք քնքշանք: Երեխան կսկսի վախենալ ձեզնից, իսկ վախը տարիների հետ կվերածվի անտարբերության:


Ֆիզիկական կապ: Թվում է՝ սա ամենահեշտ տարբերակն է, սակայն մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների մեծ մասը երեխային դիպչում է, երբ օգնում է նրան որևէ բան անել, օրինակ՝ հագնվել, լվացվել, մեքենա նստել: Ֆիզիկական կապի անհրաժեշտությունը չի ենթադրում ամեն րոպե գրկել փոքրիկին, համբուրել: Բնավ, սա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Կարող եք բռնել նրա ձեռքը, շոյել գլուխը, խաղալ մազերի հետ:

Երեխայի մեծանալուն զուգահեռ շատ ծնողներ սկսում են ավելի քիչ ֆիզիկական շփում ունենալ երեխայի հետ: Շատ իզուր: Ընտանիքում հաստատեք կարգ՝ աշխատանքից կամ դասից տուն գալիս պետք է անպայման հաբուրել ընտանիքի անդամներին:

Սիրեք ձեր երեխաներին՝ ցույց տալով սերը:

 

 

Գովազդ