8 ոսկե կանոն երկու տարեկան երեխա ունեցող ծնողների համար

Զարգացում

Ձեր երեխան արդեն երկու տարեկան է:

Նա ինքնուրույն կատարում է որոշակի գործողություններ: Կարողանում է արտաբերել որոշ բառեր, քայլում է: Ահա 2 տարեկան երեխայի հետ շփման մի քանի ոսկե կանոն:

1. Երեխայի հետ շփվեք որքան հնարավոր է շատ:

Երեխայի հետ շփումը շատ կարևոր է: Որքան հաճախ նրա հետ շփվեք, այնքան ավելի ներդաշնակ կլինեն ձեր հարաբերությունները: Ձեր երեխան երկու տարեկան է, հասկանում է Ձեզ ու կարողանում է հասկացնել իր ուզածը: Այնպես որ, եթե ինչ-որ բան նա այնպես չի անում, խոսքով բացատրեք նրան և երբեք մի՛ բղավեք:

2. Հաճախ խաղացեք նրա հետ:

Երեխաներն այդ տարիքում շատ շարժուն են: Հաճախ խաղացեք երեխայի հետ, որպեսզի պարպվի նրա ավելորդ էներգիան, և նա դա ծախսելու և հետաքրքրությունը բավարարելու համար չմոտենա տան վարդակներին կամ փորձի կոտրել այն, ինչին իր ձեռքը հասնում է: Երաժշտություն միացրեք ու պարեք միասին, մարզանք կատարեք, փորձեք տարբերակել տան առարկաներն ու դրանց գույները:

3. Սովորեցրեք երեխային խաղալ մյուս երեխաների հետ:

2 տարեկանում երեխան կողքից նայողից վերածվում է գործողության ակտիվ մասնակցի: Նա այդ տարիքում արդեն պետք է կարողանա շփվել ու խաղալ շրջապատի երեխաների հետ: Ծնողներն էլ պետք է օգնեն փոքրիկին մուտք գործել շրջապատ: Հարկավոր է տանել նրան խաղահրապարակ, որտեղ շատ երեխաներ կան: Հսկեք երեխային, բայց նաև թույլ տվեք, որ նա ինքնուրույն խաղա մյուս երեխաների հետ:

4. Օգնեք երեխային հարստացնել բառապաշարը:

Ձեր երեխան շատ բառեր է հասկանում, որոշներն էլ կարողանում է արտաբերել: Բայց պետք չէ սպասել, որ երեխան ինքը հարցնի ու իմանա՝ ինչ է այս կամ այն առարկան: Երբ զբոսնում եք երեխայի հետ ու տեսնում եք հետաքրքիր որևէ առարկա կամ երևույթ, միանգամից բացատրեք ու պատմեք դրա մասին: Օրինակ՝ ի՞նչ է անձրևը, քամին, ամպը, արևը: Ծանոթացրեք նրան շրջապատող աշխարհի հետ:

5. Երեխային ծանոթացրեք երաժշտության հետ:

Իհարկե, երեխան գիտի՝ ինչ է երաժշտությունը: Նա դա լսել է: Բայց այդ տարիքից սկսած՝ պետք է երեխայի համար միացնել որակյալ երաժշտություն, որպեսզի զարգանա երեխայի ճաշակը:

6. Սովորեցրեք հաշվել:

Դա դժվար չէ: Միասին փորձեք հաշվել տան իրերը: Սկզբում նա կկարողանա հաշվել մինչև 3-ը, հետո՝ 5-ը, ապա՝ 10-ը ու այդպես շարունակ: Սովորեցրեք նաև իր տարիքը:

7. Երեխային հաճախ խնդրեք բնութագրել որևէ առարկա:

Այսպիսով կզարգանա երեխայի երևակայությունը: Խնդրեք՝ բնութագրի իր խաղալիքը, մայրիկին, հայրիկին:

8. Ցույց տվեք նրան Ձեր սերը:

 

Երեխան ինքնավստահ ու երջանիկ է, երբ իրեն սիրում ու հավատում են: Փոքրիկները միշտ էլ զգում են սերը: Սիրո հարցում երբեք ժլատ մի՛ եղեք:

 

 

Գովազդ