Աչքի տակով անցկացրեք երեխայի շրջապատը
Արդյո՞ք երեխայի սենյակը հեռու է լոգարանից կամ գտնվում է տան այն հատվածում, որը երեխայի համար վախեցնող է գիշերը: Նրան նրբանկատորեն հարցրեք՝ կա՞, արդյոք, պատճառ, թե ինչու չի ցանկանում գիշերը գնալ լոգարան: Եթե նա վախենում է մթությունից,ասեք նրան, որ գիշերը կարող է ձեզ արթնացնել, երբ զուգարանի կարիք կունենա: Որպես խնդրի լուծում՝ կարող եք նաև գիշերը վառ թողնել լուսամփոփը:
Ուշադրություն դարձրեք, թե որքան հեղուկ է ընդունում
Կարևոր է, որ երեխաներն օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ ընդունեն: Թե որքան պետք է ընդունեն, կախված է մի շարք հանգամանքներից՝ եղանակ, սնունդ, անհատական ակտիվություն և այլն: Միֆ է կարծիքը, որ առհասարակ սահմանափակելով հեղուկի օգտագործումը՝ քիչ հավանական է, որ երեխան կթրջի տակը: Բայց, այդուհանդերձ, կարող եք խրախուսել նրան, որ ավելի շատ հեղուկ օգտագործի ցերեկը և տեսնել՝ օգնու՞մ է, արդյոք, այդ տարբերակը: Հետևողականորեն հասեք նրան, որ օրվա հեղուկի 40 տոկոսն ընդունի առավոտյան, մյուս 40-ը`ցերեկը, իսկ 20-ը`երեկոյան: Գուցե երեխան գիշերը դարձյալ տակն անի, բայց հաստատ ավելի քիչ կթրջվի:
Զուգարանը թող լինի վերջին կանգառը
Վստահ եղեք, որ երեխան նախքան անկողին մտնելը գնացել է զուգարան: Եվ երբ գիշերն արթնանա, հարցրեք`չի՞ ուզում, արդյոք, զուգարան գնալ: Եթե կընդդիմանա, առաջարկեք միասին գնալ: Բայց նաև նկատի ունեցեք՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխային միտումնավոր արթնացնելով և զուգարան տանելով`դուք չեք կարող կանխել գիշերամիզությունը:
Հետևեք, թե քանի անգամ է գնում զուգարան
Երեխան պետք է պարբերաբար գնա զուգարան`օրվա մեջ 4-7 անգամ: Եթե նա հաճախում է մանկապարտեզ կամ դպրոց, ստուգեք`արդյո՞ք հարմարավետ է տվյալ հաստատության զուգարանը: Եթե ոչ, հնարավոր է`օրվա մեջ նա խուսափում է հեղուկ օգտագործելուց և զուգարան գնալուց: Փոխարենը`շատ է միզում գիշերը:
Շարունակելի
Աղբյուրը`babycenter.com
Կարդացեք նաև՝ Ի՞նչ պետք է տեղի ունենա երեխայի հետ, որպեսզի նա դադարի տակն անել