Ինչպե՞ս փոքրիկին «կտրել» տակդիրից  ու վարժեցնել գիշերանոթին․ ծնողների հարցերին պատասխանում են մանկաբույժն ու հոգեբանը - մաս 1

Խնամք

«Իմ փոքրիկ»-ը հարցումների միջոցով պարզել է, թե մայրիկներն ինչ խնդիրների են բախվում երեխային գիշերանոթին վարժեցնելիս։ Ձեզ ենք ներկայացնում նրանց ամենից շատ հետաքրքրող հարցերն ու մասնագետների պատասխանները։ «Իմ փոքրիկ»-ը փորձել է խնդիրների էությունը պարզաբանել երկու՝ մանկաբուժական ու հոգեբանական տեսանկյունից։ Իրենց խորհուրդներով մեզ օգնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկաբույժ Նոնա Եղոյանը և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը։

 

-Ի՞նչ մեթոդներ պետք է կիրառել, որ երեխան սկսի օգտվել գիշերանոթից։

Մանկաբույժ - Գիշերանոթին սովորեցնելը հմտություն է պահանջում և հանդիսանում է երեխայի անցումային փուլերից մեկը։  Ծնողները պետք է հասկանան մի պարզ բան՝ իրենց համար էլ է  դա անցումային շրջան, և երբեմն դժվարությունները պայմանավորված են ծնողների անհավատությամբ: Հստակ կարող եմ ասել, որ երեխային այս ընթացքում բոլորովին չի կարելի նախատել։ Ծնողները պետք է հաշվի առնեն, որ երեխաների համար  բավականին դժվար և անսովոր բան են խնդրում, ինչը պահանջում է համբերություն /ծնողի կողմից/ և ժամանակ։

Հոգեբան - Չպետք է կենտրոնանալ պրոցեսի վրա, նստեցնել հատուկ ժամերի։ Երեխային ևս չի կարելի կենտրոնացնել դրա վրա։ Դա շատ բնական գործընթաց է, և բարդացնելու ու երեխայի հետևից ընկնելու կարիք չկա։ Կարելի է ուրիշ թեմաների շուրջ խոսելով, փոքրիկի համար աննկատ նրան տանել, նստեցնել գիշերանոթին։ Եվ ոչ երբեք՝ «այ դու հիմա գնում ես, որպեսզի նստես գիշերանոթին և կատարես մի շատ լուրջ գործողություն»։ Երեխան, բանականաբար, սրան տալիս է այլ ռեակցիա։

 

- Սովորաբար մայրիկները երեխաների համար ընտրում են ձայներ, լույսեր արձակող գիշերանոթներ: Ի վերջո, ինչպիսի՞ն պետք է լինի գիշերանոթը։ Արդյունավե՞տ են ձայներով, լույսերով գիշերանոթները, թե՞ ավելի նպատակահարմար է ընտրել սովորականները։

Մանկաբույժ - Կարծում եմ, որ շատ «ակտիվ» գիշերանոթը կարող է ինչ-որ չափով օգնել երեխային, սակայն երբեմն դրանք կարող են շեղել երեխային բուն թեմայից, այդ պատճառով ցանկալի է սկսել պարզ տարբերակից:

Հոգեբան - Կարող են գնել և՛ սովորական, և՛ գույներով ու լույսերով․ սա ծնողի ընտրության հարցն է։ Սակայն էությունը այստեղ շատ չի փոխվում։ Միգուցե էֆեկտների տեսանկյունից որոշները գրավեն երեխայի ուշադրությունը, բայց կարևոր է ոչ թե գիշերանոթը, այլ այն, թե ծնողը երբվանից է սկսում զբաղվել երեխայի մոտ գիշերանոթ նստելու ռեֆլեք ձևավորելով ու ինչ տրամադրվածությամբ։ Այսինքն՝ տագնապո՞վ է վերաբերվում դրան, թե՞ ընդունում է որպես սովորական պրոցես։

 

-Որքանո՞վ է կարևոր, որ գիշերանոթը տանն ունենա հատուկ տեղ, օրինակ՝ մշտապես տեղադրված լինի լոգարանում կամ զուգարանում:

Մանկաբույժ - Հստակ կարող եմ ասել, որ գիշերանոթը պետք է գտնվի երեխայի աչքի առջև՝ որպես նոր իր, որպեսզի երեխան սովորի դրան։ Պետք է դնել այնտեղ, որտեղ  շատ ժամանակ է անցկացնում երեխան։

Հոգեբան - Լավ տարբերակ է, երբ ունի կոնկրետ տեղ, քանի որ տան մեջ ամեն սենյակ ու վայր ունի իր օգտագործման ձևը։ Սակայն կարող են այնպիսի դեպքեր լինել, երբ անընդհատ նույն տեղում նստելուց հետո երեխան չկարողանա այլ վայրում իր ռեֆլեքսն իրականացնել, օրինակ՝ ուրիշի տուն գնալիս։ Այդ պատճառով կարելի է երբեմն փոխել գիշերանոթի տեղը, որպեսզի երեխայի մոտ ֆիքսվածություն չառաջանա։

 

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

Գովազդ