Ջրծաղիկ. ախտանշաններն ու բուժումը

Խնդիրներ

Ջրծաղիկը հատկապես երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է: Ուստի հիմնականում համարվում է մանկական սուր վարակիչ հիվանդություն: Ջրծաղիկով կյանքում հիվանդանում են մեկ անգամ, դրանից հետո մարդու մեջ մշակվում է իմունիտետ, որը կարելի է համարել ցմահ: Ի դեպ, այս հիվանդությունը երեխաների մոտ ավելի թեթև է ընթանում, քան մեծերի:

 

Թե ինչպես են վարակվում ջրծաղիկով, և ինչ ախտանշաններ ունի դա, արժե, որ իմանա յուրաքանչյուր ծնող: Հիվանդության «մեղավորը» դեզօքսիռիբոնուկլեինաթթու պարունակող ֆիլտրվող վիրուսն է: Ջրծաղիկը փոխանցվում է աչքի, ինչպես նաև վերին շնչուղիների լորձաթաղանթի միջոցով: Այսինքն` կարելի է ասել, որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդանում են մեծ մասամբ մինչև 10-12 տարեկան երեխաները: Բավական է, որ մանկական կոլեկտիվում մեկ երեխա հիվանդանա, որպեսզի նա վարակիչ դառնա մյուսների համար:

 Ջրծաղիկը սովորական հարբուխ չէ. այն շատ ավելի վարակահարույց է: Հետևաբար հիվանդների բուժումն իրականացվում է կարանտինային պայմաններում: Եվրոպական որոշ երկրներում հիվանդի շփումն առողջների հետ չեն սահմանափակում, քանզի կարծում են, որ վաղ հասակում հիվանդանալու դեպքում լուրջ բուժում չի պահանջվում: Ջրծաղիկը վարակիչ է դառնում մաշկի վրա ցանի դուրս գալուց մեկ օր առաջ: Կարանտինն ավարտվում է ցանի ի հայտ գալուց 5 օր հետո: Որոշ մասնագետներ համարում են, որ երեխաների մոտ կարանտինն ավարտվում է առաջին ցանի ի հայտ գալուց 9 օր հետո, և տվյալ հիվանդության դեպքում զգուշությունը հազվադեպ է օգնում, քանի որ հիվանդությունն արդեն փոխանցվում է մինչև առաջին ցանի հայտնվելը:

Հիվանդության ախտանշաններն ու զարգացումը

Հիվանդությունը 1-3 շաբաթում ոչ մի առանձնահատուկ դրսևորում չունի: Նվազագույն ինկուբացիոն (գաղտնի) շրջանը տևում է 7 օր: Դրանից հետո հիվանդի մոտ կտրուկ բարձրանում է ջերմությունը մինչև 39-39,5 աստիճան: Ու եթե ջերմությանը զուգահեռ ցան դուրս չտա, ապա ջրծաղիկը կարելի է գրիպի տեղ ընդունել:

 Մի խոսքով, արտաքին նախնական երևույթներով այն նման է գրիպի, ուղեկցվում է գրիպին հատուկ գլխացավով ու թուլությամբ: Սկզբում ցանն ընդգծված չէ, դրանք տափակ ու վարդագույն հետքերի են նմանվում, սակայն, բառացիորեն մի քանի ժամում ցանի քանակը կտրուկ մեծանում է, հետքերը դառնում են ուռուցիկ, առաջանում են հեղուկով լի բշտիկներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի սեղմել: Երեխաների բուժումն ընթանում է բոլորովին այլ մեթոդով:

Առաջին 3-4 օրերին ցան է դուրս գալիս ոչ միայն մաշկի վրա, այլև լորձաթաղանթին (աչքերին, աճուկներում, բերանում): Ամենատհաճն այն է, որ այդ բշտիկները նաև ուժեղ քոր են առաջացնում, իսկ քորել չի կարելի, քանի որ դա հղի է վնասված մաշկի մեջ ակամա վարակ անցկացնելու վտանգով: Մի բշտիկն անցնում է, առաջանում է նորը: Հիվանդությունը երեխաների մոտ ընթանում է ալիքաձև: 3-4 օր նորանոր բշտիկներ են առաջանում, որից հետո հիվանդությունը մարման փուլ է անցնում: Ջրաբշտերի տեղը կեղևակալում է, որոնք չորանում-թափվում են, ու բժշկի բոլոր խորհուրդներին հետևելու դեպքում հիվանդությունն անցնում է անհետևանք ու անհետ:

Բուժումը

 Պետք է հիշել, որ ջրծաղիկը վարակ է, որը հակաբիոտիկներով չի բուժվում: Սակայն երբեմն բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ այն դեպքերի համար, երբ ջրծաղկի հետ վարակային ինֆեկցիաներ են առաջանում ու բշտերը սկսում են թարախակալել:

 Հաճախ թարախակալումն առաջանում է հենց քորելու հետևանքով: Ուստի ծնողների հսկողությունը ջրծաղիկով երեխաների նկատմամբ պարտադիր է. ցանկալի ու անհրաժեշտ է, որ զանազան խաղերով ու պատմություններով երեխաների ուշադրությունը շեղվի քորից: Երեխաների մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում, այնուամենայնիվ նախընտրելի է անկողնային ռեժիմը: Բուժման առանձնահատկություն, ինչպես նաև տվյալ հիվանդության համար նախատեսված հատուկ դեղորայք գոյություն չունի: Սակայն կարելի է նվազագույնի հասցնել տհաճ զգացողությունը: Հաճախակի փոխեք անկողնային, ինչպես նաև մարմնի հետ անմիջապես շփվող սպիտակեղենը: Ի դեպ, բշտերը թրջել չի կարելի:

Դա ավելի կսրի տհաճությունը և կերկարաձգի ցանի լավացումը: Թույլատրվում է կարճատև լոգանքը` մանգանի թեթևակի լուծույթով ջրով: Սակայն սա ևս խիստ անհատական մոտեցում է պահանջում: Եվրոպացի մասնագետները համոզված են, որ պետք է ոչ թե լոգանք ընդունել, այլ լողանալ ցնցուղով, իսկ փոքրիկներին ցնցուղը պարզապես անհրաժեշտ է, քանի որ նրանք ավելի շատ են ինֆեկցիաներով վարակվում: Սրան զուգահեռ պետք է հետևել հատուկ սննդակարգի: Առաջարկվում է կաթնային ու բուսական մթերք: Պետք է առատորեն հեղուկ օգտագործել: Բարձր ջերմության հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է, ուստի հեղուկի մեծ քանակը կօգնի պահպանելու հավասարակշռություն: Խորհուրդ չի տրվում 12 տարեկանից փոքր երեխաներին որպես ջերմիջեցնող ասպիրին խմեցնել:

Շատ ծնողներ հավատացած են, որ ջրծաղիկը կարելի է բուժել բրիլյանտ-կանաչի լուծույթով, նույնիսկ փողոցում քայլելիս անսխալ կարող ես ասել, թե որ երեխան է հիվանդացել ջրծաղիկով: Բրիլյանտ-կանաչի լուծույթը չի բուժում, այլ ընդամենը ախտազերծում է բուշտը, նվազեցնում քորը: Դրանից բացի, ցաները կարելի է մշակել թույլ մանգանալուծույթով: Հիշեք, ցանը ոչ մի դեպքում սպիրտով մշակել չի կարելի: Ուժեղ քորը (հիվանդության այն փուլում, երբ բշտերը ծածկվում են կեղևով) կարելի է մեղմել տաք լոգանքներով. օրական մեկ անգամ, քնից առաջ, ոչ մեծ քանակով կերակրի սոդա լուծած ջրով կամ էլ օրվա ընթացքում մի քանի անգամ քոր եկող հատվածները կարելի է ողողել սոդայի թույլ լուծույթով:

Մեծահասակների մոտ այն կարող է ուղեկցվել զանազան բարդություններով. ականջի բորբոքում, թոքաբորբ, ինչպես նաև` արյան վարակում: Այս հիվանդության պատճառով լուրջ հետևանքներ , ինչպիսին գլխուղեղի բորբոքումն է (էնցեֆալոմիելիտ), հազվադեպ է պատահում:

Էնցեֆալոմիելիտը գլխուղեղի և ողնուղեղի բորբոքային հիվանդություն է, որի պատճառ կարող են դառնալ այն բոլոր հիվանդությունները, որոնք ազդում են գլխուղեղի կամ ողնուղեղի վրա: Հիմնականում` այն վարակները, որոնք ախտահարում են նյարդային հյուսվածքները: Էնցեֆալոմիելիտի դեպքում մարդու մոտ կարող են զարգանալ ինչպես էնցեֆալիտի, այնպես էլ մենինգիտի ախտանշանների զանազան համադրություններ:

 

Մենինգիտը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է ուղեղի թաղանթը: Սուր զարգացում ունի. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39 աստիճան, առաջանում է սուր գլխացավ, որը կարող է ճառագայթաձև տարածվել պարանոցի, ողնաշարի, ինչպես նաև ոտքերի վրա: Գլխացավն ուղեկցվում է սրտխառնուքով: Լույսը, աղմուկն ու շփումը կարող են բացասական հակազդեցություն առաջացնել հիվանդի մոտ: Բարձրանում է ներգանգային ճնշումը: Հիվանդությունը լուրջ է, ուստի բուժումն էլ` երկարատև ու համալիր: Նշված հիվանդությունները թեթև թվացող ջրծաղիկ հիվանդության ծանր հետևանքներ են: Ուստի ավելի լավ է չհիվանդանալ, իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, բարդություններից խուսափելու համար աշխատեք հետևել բժշկի ցուցումներին:

Աղբյուրը`Ankakh.com

Գովազդ