Չուտող երեխային օգնելու 7 խորհուրդ

Փոքր երեխաների սննդային նախասիրությունները հաճախ են փոխվում․ այն, ինչ այսօր չեն սիրում, մի քանի շաբաթ անց կարող են հաճույքով ուտել։ Այդ պատճառով նոր սննդից հրաժարվելը սովորաբար անհանգստանալու պատճառ չէ։

1. Նորից առաջարկեք․ երեխային երբեմն անհրաժեշտ է նոր մթերքը փորձել ավելի քան 10 անգամ, մինչև այն ընդունի։ Մի՛ ստիպեք․ որոշ ժամանակ անց կրկին առաջարկեք կամ փոքր քանակությամբ համադրեք նրա սիրելի սննդի հետ։

2. Առաջարկեք բազմազան սնունդ․ սննդակարգում ներառեք հացահատիկ, ընդեղեն, ընկույզ ու սերմեր, կաթնամթերք, ձու, միս, ձուկ, թռչնամիս, ինչպես նաև տարբեր մրգեր և բանջարեղեն։ Նույն բանջարեղենը կարելի է փորձել թե՛ հում, թե՛ եփած։

3. Ներգրավեք երեխային․ միասին ընտրեք մթերքը, քննարկեք դրանց գույնը, հոտն ու համը, իսկ տանը երեխային տվեք տարիքին համապատասխան փոքր առաջադրանքներ։

4. Մի ստիպեք ավարտել ամբողջ բաժինը․ երեխային հնարավորություն տվեք զգալ, թե երբ է քաղցած և երբ՝ կուշտ։

5. Փոքր չափաբաժիններ առաջարկեք․ երեխայի ստամոքսը շատ ավելի փոքր է, քան մեծահասակինը, ուստի մեծ չափաբաժիններ պետք չեն։

6. Սնունդը մի օգտագործեք որպես պարգև․ քաղցրավենիքը «լավ վարքի» դիմաց առաջարկելը կարող է սննդի նկատմամբ սխալ վերաբերմունք ձևավորել։ Ավելի լավ պարգև կարող է լինել խաղը կամ միասին զբոսանքը։

7. Լավ օրինակ եղեք․ երեխաները կրկնօրինակում են մեծահասակներին։ Եթե դուք հաճույքով առողջ սնունդ եք ուտում և միասին եք նստում սեղանի շուրջ, երեխան ավելի պատրաստակամ կլինի նոր համեր փորձելու։

 

Աղբյուրը՝ UNICEF