Ինչո՞վ է զբաղված երեխան խոհանոցում, մինչ մայրիկը կերակուր է պատրաստում: Խոհանոցային խաղերը կարո՞ղ են լինել զարգացնող: Հնարավո՞ր է փոքրիկին ներգրավել խոհանոցային աշխատանքում եւ այդպես նպաստել նրա զարգացմանը: Մեր պատասխանն է` այո:
Պատրաստենք միասին
Նախաճաշին Ձեր երեխան կարող է ինքնուրույն մաքրել, օրինակ, հավկիթը: Անպայման օգտագործեք խաղային գործընթացը: Երեխան այդ ամենը չպետք է ընկալի որպես առաջադրանք: Դա նրա համար պետք է խաղ լինի: Օրինակ, մինչ երեխան մաքրում է ձուն, նրան պատմեք Հավիկի հեքիաթը, հորինեք որեւէ պատմություն, որը կապ կունենա կախարդական ձվիկի հետ եւ ասեք, որ ինքը հենց այդ կախարդական ձուն է մաքրում:
Ձվի փոխարեն կարող եք առաջարկել նաեւ մանդարին կամ խաշած կարտոֆիլ: Երեխային տվեք նաեւ կարագ ու խաղալիք դանակ, եւ թող նա կարագն ինքնուրույն քսի հացին: Ցանկալի է՝ կարագը փոքր-ինչ հալեցնել նախապես:
Թող նա օգնի ձեզ պատրաստել նաեւ աղցան, օրինակ՝ թաթիկներով մանրացնի աղցանի տերևները: Նա կարող է նաեւ ձեզ հետ լվանալ բանջարեղենը կամ կոկտեյլ պատրաստել բլենդերի օգնությամբ՝ անպայման լինելով հսկողության տակ: Փոքրիկը կարող է ձեր օգնությամբ կտրատած միրգը լցնել բլոնդերի բաժակի մեջ եւ սեղմել կոճակը:
Կարող եք նրան տալ նաեւ բանան, թող մաքրի կեղեւից եւ խաղալիք դանակով կտրատի: Առաջարկեք նրան բանանի կտորները շարել փայտիկի վրա՝ պատրաստելով բանանի խորոված: Այդպես նա ոչ միայն զվարճալի ժամանակ կանցկացնի, այլեւ հաճույքով կուտի բանանը:



