Ինչպե՞ս պայքարել փոքրիկի գիշերային մղձավանջների դեմ

Գիշերային մղձավանջները վշտացնող և սարսափելի երազների հետևանք են, որոնք ահաբեկում են երեխային:

Ի տարբերություն գիշերային վախի, երեխան հիշում է և կարող է վերապատմել երազը: Գիշերային մղձավանջի պատճառով երեխան անգամ կարող է  վախենալ  նորից քնելուց:

Մղձավանջից  սթափվելուց հետո երեխային պետք է հանգստացնել և բացատրել, որ ինքը վատ երեազ է տեսել, բայց դա իրականություն չէ, այլ միայն երազ:

Երեխային հանգստացնելու համար երբեմն հարկ է լինում, որ Դուք մնաք երեխայի մոտ կամ նրան տանեք Ձեր սենյակ և նույնիսկ քնեցնեք Ձեր մահճակալում: Պետք է նաև խուսափել երեխային վախեցնելուց կամ ջղային վիճակ  ստեղծելուց, ինչպես նաև հեռուստացույցով հուզիչ հաղորդումներ դիտելուց:

 

Աճին զուգընթաց երեխայի երևակայությունը զարգանում է, և նա կարող է վախենալ  անգամ մթությունից: Գիշերը երբեմն  նա զուգարան գնալու կարիք է զգում, պետք է միջանցքի լույսը վառած թողնել, սենյակի դուռը` կիսաբաց, որպեսզի առաջացող ստվերները չվախեցնեն նրան:

Մի ստիպեք երեխային քնել մութ սենյակում, դուռը մի փակեք, եթե նա վախենում է, կամ եթե  քնելու է նոր անկողնում:  Հանգիստ քնի համար կարևոր է, որ փոքրիկի  կողքին լինեն սիրելի խաղալիքները, և երեխան զգա, որ Դուք կողքին եք, մոտ եք և ինքը ապահով է:

Գիշերային մղձավանջերնից խուսափելու համար ցանկալի է, որ երբեք երեխային մենակ չթողնեք անծանոթ սենյակում: