Ձեր փոքրիկը արդեն քայլում է, փորձում է վազել, բացում է դարակները և պահարանները, ձգտում է մագլցել տան կահույքի վրա։ Նա բավական շարժուն ու չարաճճի է դարձել։ Եկեք հասկանանք՝ ինչպես ապահովել 1-3 տարեկան երեխայի անվտանգությունը։
Տանը
- Էլեկտրական սարքերը մի դրեք երեխային հասանելի վայրում։
- Վարդակները փակեք մեկուսիչ հարմարանքով։
- Տան կահույքի սուր ծայրերին ամրացրեք հատուկ հարմարանքներ։
- Ապակյա սպասքը պահեք երեխայի տեսադաշտից հեռու։
- Կողպեք դարակներն ու պահարանները, որոնցում պահվում են երեխայի համար վտանգավոր նյութեր՝ քիմիական մաքրող միջոցներ, դեղեր։
- Հնարավորության դեպքում ընտրեք դեղորայքի այնպիսի տուփեր, որոնք երեխան չի կարող բացել։
- Դեղերը երեխային որպես կոնֆետ մի ներկայացրեք։
- Երեխայի մոտ վտանգավոր նյութեր կամ իրեր գործածելիս նրան միշտ պահեք Ձեր տեսադաշտում։
Դրսում
- Բակում կամ խաղահրապարակում խաղալիս երեխային երբեք մենակ մի թողեք։
- Կիզիչ արևին երեխան մշտապես պետք է գլխարկ կրի։
- Ամռանը ցերեկային ժամերին երեխայի հետ դրսում մի զբոսնեք։
Մեքենայում
- Երեխան պետք է երթևեկի հետևի նստարանին ամրացված մանկական նստատեղում նստած և ամրակապված վիճակում։ Եթե նման հնարավորություն չկա, երեխային գրկեք ու նստեք հետևի նստարանին։
- Պատուհանը բաց մի երթևեկեք։
- Դուռը կողպեք այնպես, որ հնարավոր լինի այն բացել միայն դրսի կողմից։
- Երեխային երբեք մենակ մի թողեք մեքենայում, անգամ դռները փակ վիճակում։



