Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Խուսափեք մեծերի ատամնաբուժարանից
Մասնագետները կարծում են, որ փոքրիկին մեծերի ատամնաբուժարան տանելը լավ միտք չէ: Իհարկե, մտածում եք, որ այդպես երեխային կծանոթացնեք պրոցեսին, բայց մի մոռացեք, որ դուք նույնպես ձեզ համար ոչ հաճելի վայրում եք եւ որքան էլ ջանաք ցույց չտալ բացասական հույզերը, փոքրիկը հաստատ կզգա: Արդյունքում` հետագայում կարող է կրկնօրինակել ձեր ապրումները: Բացի այդ, մեծերի ատամնաբուժարանն ավելի լուրջ տեսք ունի, ինչը կարող է վախեցնել փոքրիկին, իսկ մանկական կլինիկան` ոչ. այն, որպես կանոն, զարդարված է լինում մանկական պատկերներով ու նկարներով: Հիշեք նաեւ, որ անգամ խաղի ընթացքում չի կարելի փոքրիկին պատմել ատամնաբույժների մասին վախեցնող պատմություններ: Այդպես դուք կարող եք բոլորովին այլ` սխալ արդյունքի հասնել` երեխայի մեջ անտեղի վախ սերմանելով:
Բարկությունն անխուսափելի է
Որքան էլ որ ջանաք, միեւնույն է, չեք կարողանա փոքրիկին պահել հանգիստ ու հավաք ատամնաբույժի աթոռին: Նորմալ է, որ փոքրիկն ընդվզի ու թույլ չտա օտար մեկին «ներխուժել» իր բերան: Պատրաստ եղեք «դիմանալ» նրան այդ ընթացքում եւ հետեւել ատամնաբույժի ցուցումներին: Երբեմն կարող է բժիշկը խնդրի ձեզ դուրս գալ սենյակից: Այդպես էլ արեք: Կամ հնարավոր է ցանկալի լինի` նստեք փոքրիկի կողքին ու բռնեք ձեռքը` պարզապես նրան ապահովություն հաղորդելու համար կամ զսպելու նրա ֆիզիկական ճնշումը:
Կաշառքը չի օգնի
Երեխային առանց լացի ատամնաբույժի մոտ տանելու հեշտ տարբերակ է համարվում կաշառքը, բայց մասնագետները դա լավ գաղափար չեն համարում: Այն կարող է աշխատել որոշների դեպքում, բայց ոմանց պարագայում էլ կարող է ճիշտ հակառակ արդյունքը տալ` առաջացնելով բարկություն եւ տրամաբանական հետեւություն. «երեւի ատամնաբույժի մոտ գնալը սարսափելի բան է, դրա համար էլ մաման կաշառք է առաջարկում»: Հատկապես եթե կաշառքը քաղցրավենիք է, այն կարող է կրկնակի վնաս պատճառել: Դուք կարող եք նրան նվեր մատուցել` որպես խրախուսանք բուժումից հետո եւ գովաբանել գնահատանքով:
Բացատրեք բերանի խոռոչի հիգիենայի կարեւորությունը
Երեխային բացատրեք, որ առանց ատամների բժշկական զննության հնարավոր չէ ապահովել բերանի խոռոչի առողջությունը: Ասացեք փոքրիկին, որ հենց ատամնաբույժն է ապահովում նրա ատամների առողջությունը` դրանք դարձնելով պիտանի ծամելու համար: Բացատրեք նրան, որ ատամնաբույժի օգնությամբ նա կունենա գեղեցիկ ժպիտ եւ կուտի համեղ կերակուրներ:



