Պարզաբանում է մանկաբույժ Գոհար Դավթյանը:
Հեմանգիոման մազանոթների բնածին լայնացումն է։ Այն վաղ մանկական հասակի ամենատարածված բարորակ ուռուցքներից մեկն է։ Հիմնականում հանդիպում է եվրոպոիդ ռասայում, աղջիկների, հատկապես վաղաժամ ծնված, թերհաս և թերքաշ նորածինների մոտ: Հեմանգիոման սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին շաբաթներին և առավել արագ աճում է կյանքի առաջին 3-6 ամիսների ընթացքում:
-Ինչպե ՞ս է այն արտահայտվում։
Երեխայի ծնվելուց հետո մաշկի վրա նկատվում են տարբեր աստիճանի մգության կարմրագույն խալեր, բծեր կամ կապտուկներ: Հեմանգիոման կարող է տեղակայված լինել ամենուր, սակայն սովորաբար հայտնաբերվում է դեմքի, գլխի, կրծքավանդակի և մեջքի շրջանում: Հեմանգիոմայի տեսքն ու գույնը կախված են մաշկում դրա տեղադրությունից ու խորությունից։
-Որո ՞նք են հեմանգիոմայի առաջացման պատճառները։
Հայտնի չէ, թե որոնք են հեմանգիոմայի առաջացման հիմանական պատճառները։ Սակայն հավանական է, որ հիվանդության առաջացման մեջ դերակատարում ունի ժառանգական գործոնը: Երբեմն հեմանգիոմայի առաջացումը կապում են մոր հղիության ընթացքում (3-6 շաբաթական հղիության ժամանակ, երբ սիրտ -անոթային համակարգն է ձևավորվում) կրած վիրուսային ինֆեկցիաների հետ։ Հիվանդության առաջացման պատճառ նաև կարող է լինել մոր օգտագործած դեղորայքը։
- Հնարավո ՞ր է կանխարգելել հեմագիոմայի առաջացումը։
Այս հիվանդությունը կանխարգելել չենք կարող, քանի որ բնածին է։ Հեմագիոման հիմնականում ներարգանդային կյանքում է ձևավորվում։
-Ի ՞նչ բարդություններ կարող է առաջացնել այս հիվանդությունը։
Հեմանգիոմաների գերակշռող մասը չի ուղեկցվում բարդություններով: Սակայն երբեմն դրանց մակերեսը կարող է քայքայվել և զարգանալ խոցոտում, ինչը կարող է ուղեկցվել ցավով և այլ խնդիրներով: Եթե խոցոտումը խորն է լինում, հազվադեպ զարգանում է արյունահոսություն և ինֆեկցիա:
Կախված հեմանգիոմայի տեղակայումից՝ այն կարող է բերել տեսողության, լսողության խանգարման կամ այլ խնդիրների առաջացման: Այս բարդությունների և ոչ հաճախ հանդիպող տեղակայումների հաճախականությունը փոքր է:
-Ինչպե ՞ս է կատարվում հեմանգիոմայի ախտորոշումը և ի ՞նչ բուժում է կատարվում։
Հեմանգիոման ախտորոշվում է իր արտաքին տեսքով: Այլ ախտորոշիչ մեթոդներ չկան: Հեմանգիոման հիմնականում անցնում է առանց բուժման: Աճը սովորաբար մեկ տարեկանից սկսում է դադարել։ 5 տարեկանում երեխաների 50 %-ի մոտ այն անհետանում կամ ստանում է շատ բաց գունավորում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն 7 տարեկանում մինչև 70% դեպքերում հեմանգիոման անհետանում է:
Քանի որ հեմանգիոմաները հորմոն-զգայուն ուռուցքներ են համարվում, հիմնականում բոլորովին անհետանում են դեռահասության շրջանում։ Սակայն հազվադեպ բժշկի որոշմամբ կարող է կատարվել վիրահատական կամ լազերային միջամտություն։
Արփինե Մուրադյան



