Երեխաները հաճախակի տարբեր տեսակի վախեր են ապրում: Նրանք կարող են վախենալ ամեն ինչից: Նրանց կարող է վախեցնել որևէ ուժեղ աղմուկ, որևէ տարօրինակ մարդու կամ պարզապես անծանոթի հանկարծակի հայտնվելը: Ընդհանուր առմամբ մանկական վախերի մեծ մասը հայտնվում և այնուհետև անհետանում է, բայց հաճախ դժվար է լինում հասկանալ` երեխան
իսկապես հանգստացավ, թե պարզապես կարողացավ թաքցնել իր տագնապը: Որքան շատ է վախենում երեխան, այնքան ավելի արագ են հայտնվում նորերը:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես է ծնվում երեխայի վախը: Գոյություն ունի 4 տեսակի իրավիճակ, երբ երեխան վախ է ապրում կամ վախի նկատմամբ հակվածություն է ձեռք բերում: Դրանք են` ընդօրինակումը, հոգեկան խեղումը, «պատիժ – թշնամություն – մեղք» համակարգը և մշտապես նորացող վախը:
Ընդօրինակումը բնական գործընթաց է, երբ երեխան փոխ է առնում մեր շատ սարսափներ, ինչպես նաև դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը: Վախենալով շներից, ամպրոպից, կայծակից, գողերից ու կրակից` մայրը, իրեն հաշիվ չտալով, փոքրիկ երեխային է փոխանցում իր ապրումները: Երեխան վտանգի անխուսափելիության զգացում կունենա, եթե նրան ամեն վայրկյան խնդրենք զգույշ լինել և անընդհատ հիշեցնենք, որ ինքն իրեն ցավ չպատճառի:
Խեղումը ներհոգեկան սուր ապրում է, որն ամուր հետք է թողնում մեր գիտակցության մեջ: Այնպիսի դեպքեր, ինչպես, օրինակ, ձիուց վայր ընկնելը կամ կատաղած շան կծոցը մեզ կարող են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան խեղում պատճառել: 2 – 5 տարեկան երեխան ընկնում է ճոճանակից կամ իր հասակակից երեխան, որն իր հետ էր խաղում, հրում և նույնիսկ փախցնում իր խաղալիքը: Նման դեպքերում, թեև, խեղումն աննշան է, սակայն փոքրիկի մեջ կարող է սարսափ սերմանել խաղահրապարակի, ճոճի, նույնիսկ մյուս երեխաների հանդեպ:
Մանկության տարիներին յուրաքանչյուր երեխա այդպիսի հազարավոր պատմությունների մեջ է ընկնում: Դրանցից մի քանիսը երկար են մնում հուզական հիշողության մեջ, մյուսներն արագ մոռացվում են: Դա պայմանավորված է փոքրիկի բնավորությամբ, իրադրության սրությամբ կամ տեղի ունեցացի նկատմամբ ծնողների դրսևորած վերաբերմունքով:
Շատ ավելի դժվար է հասկանալ, թե ինչպես կարող է մանկական վախ ծնել «պատիժ – թշնամություն – մեղք» համակարգը: Այստեղ խոսքը ոչ թե ինչ-որ առանձնահատուկ սարսափների մասին է, այլ այն տպավորությունների խորը հիմքի, որոնք կարող են հանգեցնել վախի: Երբ ծնողները գոռգոռում են երեխաների վրա, նրա համար մի բան պարզ է. նրանք զայրացած են և ժամանակավորապես իրեն չեն սիրում: Այդ մտքից նա շփոթվում է, քանի որ ի վիճակի չէ պատկերացնել, թե ծնողները ինչ վատ բան տեսան նրա վարքի մեջ: Բացի դա, եթե նույն երեխայի վրա միշտ գոռգոռում են, սպառնում նրան կամ պատժում, ապա նրա մեջ իր ծնողների նկատմամբ թշնամություն է կուտակվում, և որպես դրա հետևանք, նա իրեն մեղավոր է զգում նրանց հանդեպ: Չէ± որ իր մեջ թշնամանքի զգացումների առաջացան այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուրիշ ժամանակ այնքան բարի ու սիրալիր են իր նկատմամբ:
Վախի պատճառ կարող է լինել ծնողների հրամանները կատարելու երեխայի անընդունակությունը: Նա նեղանում է ծնողներից չափազանց խիստ պահանջների համար, որոնք ի վիճակի չէ կատարել, բայց նա միաժամանակ վախենում է, որ եթե հարազատներն իրենից դժգոհ մնան, կարող է զրկվել նրանց սիրուց: Որքան խորն է նրա վիրավորվածությունը, այնքան ուժեղ է վախը:
Հաջորդ տեսակը մշտապես նորացող վախն է: Խոսքն այն մասին է, երբ սարսափը կաթվածահար է անում մեզ և օգնության կանչելու ցանկություն առաջացնում:
Եթե երեխայի մոտ վախ է առաջացել, այն վերացնելը մեծապես կախված է այն բանից, թե որքանով մեզ կհաջողվի հանգստացնել նրան, վերադարձնել նրա հոգեկան հավասարակշռությունը, թե որքանով ենք մենք հասկանում նրան և ինչպես վերաբերվում նրա վախին: Կարելի է պատմել երեխային, թե ինչպես դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը ճիշտ նույպիսի վախ ապրելով` կարողացել եք հաղթահարել այն: Պետք է նաև ցույց տալ փոքրիկին, որ մենք հասկանում ենք նրա վախը և պատրաստ ենք իր կողքին լինել և օգնել, երբ նա ցանկանա հաղթահարել այն:
Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը: