Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը կամ լրագրողը պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար:
Պետական մարմինները և կազմակերպությունները, ինչպես նաև ԶԼՄ-ները, երեխայի անձնական կյանքի պաշտպանությանը պետք է առաջնային ուշադրություն դարձնի և բավարար միջոցներ ձեռնարկի երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար:
«Երեխաների պաշտպանության ցանց»-ի կողմից մարտի 16-ին հրավիրված քննարկման ընթացքում, ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը նշեց, որ կայքերի պատասխանատուներն անձնական տվյալներ մշակողներ են, ուստի պարտավոր են երեխաների անձնական տվյալները հավաքել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է հետապնդվող նպատակին հասնելու համար: Ոչ ավելին:
Արշակ Գասպարյանի խոսքով՝ մեր ժամանակներում երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնելն էլ ավելի է դժվարացել:
Ապանձնավորել երեխաներին
ՀՀ ԱՆ աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանն ասում է, որ 2017 թկավանին գործակալությունը մշակել և հրապարակել է համապատասխան ուղեցույց, որն օգտակար կլինի նաև լրագրողներին:
Ընդամենը մեկ տարվա կտրվածքով՝ լրատվամիջոցների կողմից երեխաների անձնական տվյալների պաշտպանության մի քանի կոպիտ խախտումներ են իրականացվել: Դրանցից մեկի վերաբերյալ գործակալությունը կայացրել է խորհրդատվական որոշում:
Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց երեխայի անձնական տվյալների պաշտպանության խախտման օրինակներ: Եղել են դեպքեր, երբ երեխայի անձնական տվյալները բաց հրապարակվել, այնուհետեև վերատպվել են մամուլում այն բանից հետո, երբ «Դատալեքս»-ում տեղադրվել է անչափահաս աղջկա կողմից իբր թե սեռական բռնության ենթարկվելու գործով դատաքննության բոլոր տվյալները:
«Կայքում ամբողջությամբ բացված էր անչափահասի անուն-ազգանունը, բնակության հասցեն, տեղեկություն այն մասին, որ նրա սեռական կյանքում եղել է բուռն դրվագ և այլն: Այդ ամենը հրապարակել էին լրատվամիջոցները: Լրատվամիջոցը օրենք չէր խախտել, պարզապես վերարտադրել էր բաց տեղեկությունը: Մենք դիմեցինք լրատվամիջոցին, եւ նա ապանձնավորեց աղջկան, թողնելով միայն անվան և ազգանվան առաջին տառերը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում է՝ ապանձնավորելիս պետք է հաշվի առնել համայնքի մեծությունը: Որոշ դեպքերում պետք է անվան և ազգանվան առաջին տառերը ընդհանրապես հանել, քանի որ փոքր համայնքներում շատ հեշտ է հասկանալ, թե ով է, օրինակ, անչափահաս Ֆ. Ք.-ն»,-ասում է Գևորգ Հայրապետյանը:
ՄԻԵԴ-ն, օրինակ, անչափահասների իրավունքների գործերը հրապարակելիս գրում է՝ Տ.-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի, Ս.-ն՝ ընդդեմ Մոլդովայի: Այսինքն՝ միայն մեկ տառ:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հրապարակած ուղեցույցում հստակ սահմանված է, թե ինչպես մշակել նրա անձնական տվյալները, ինչպես պահպանել թափանցիկության սկզբունքը և այլն: Ուղեցույցը հիմնված է միջազգային լավագույն փորձի եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա:



