Կեսարյան հատումը համարվում է վիրահատություն և նախատեսում է նախավիրահատական պատրաստություն և հետվիրահատական ընթացք:
Կեսարյան հատման սովորաբար դիմում են երկու դեպքում՝ պլանային ծննդալուծման, երբ բժիշկն է որոշում ծննդալուծման ամենաօպտիմալ ժամկետը, և հրատապ դեպքերում: Ի՞նչ կանոների պետք է հետևի կինը կեսարյան հատման դեպքում: Այս և այլ հարցերի պատասխանները ներկայացնում է բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Խաչիկյանը:
Նախքան վիրահատությունը կանայք պետք է հետևեն բժշկի մի քանի խորհուրդների, մասնավորապես՝
- ճիշտ սննդակարգ,
- չափավոր ֆիզիկական աշխատանք
- դրան հաջորդող հանգստի ռեժիմ,
- հիգիենայի կանոնների պահպանում,
- Համապատասխան պարագաների կիրառում։
Իսկ որո՞նք են այդ պարագաները
Հիվանդանոց գնալիս անհրաժեշտ պարագաների ցանկում պետք է լինի գիշերանոց, խալաթ, մի քանի ներքնազգեստ, մեծ տարողունակությամբ միջադիրներ, հիգիենայի այլ պարագաներ: Անհրաժեշտ է նաև զուգագուլպաներ վերցնել, եթե անոթաբանը նշանակել է: Սրանք ծննդականի համար անհրաժեշտ առաջնային պարագաներն են:
Որքա՞ն է կեսարյան հատումից հետո հղիանալու թույլատրելի ժամկետները
Նախկինում կեսարյան հատմամբ հղիանալու մաքսիմալ քանակը 3-ն էր: Սակայն ներկայի բժշկությունը հնարավորություն է տալիս այդ թիվը հասցնել մինչև 5-6: Հարկ է նշել, որ այս թվերը միանշանակ չեն և կրում են անհատական բնույթ: Քանի որ կեսարյան հատումը՝ որպես վիրահատություն, պահանջում է հետվիրահատական ընթացք, դրա տևողությունը կախված է վիրահատության ծավալից, հնարավոր բարդություններից, անհատի առողջական վիճակից: Եվ հերթական հղիությունը հնարավոր է միայն մանկաբարձ-գինելոլոգի ցուցումների դեպքում՝ ելնելով ծննդականի ընդհանուր վիճակից, ինչպես նաև նախորդ կեսարյան հատումից առաջացած սպիի վիճակից: Իսկ կեսարյան հատումների միջև օպտիմալ ժամանակահատվածը համարվում է 3 տարին:
Ե՞րբ է կարելի սեռական հարաբերույթուններ ունենալ կեսարյան հատումից հետո և ի՞նչ չի կարելի անել
Կեսարյան հատումից հետո խորհուրդ չի տրվում ծանրություն բարձրացնել, հիգիենայի կանոներն անտեսել, նեղ հագուստ կրել, բժշկի մյուս ցուցումներին չհետևել: Կեսարյան հատումից հետո կարելի է սեռական հարաբերություն ունենալ 4 շաբաթ հետո միայն: Նախընտրելի ժամանակահատվածը 4-8 շաբաթն է։
Հեղինակ՝ Նորա Հայրապետյան