Կարծիք կա, որ որքան վաղ հղիանա կինը, այնքան լավ է ֆիզիոլոգիական առումով: Սակայն դա այդպես չէ:
Շատ վաղ հղիությունը կարող է բերել լուրջ բարդությունների, օրգանիզմի հյուծման և տրավմատիկ ծննդաբերության: Պատճառն այն է, որ դեռատի օրգանիզմը բավարար չափով ձևավորված չէ ու պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության: Վաղ հղիությունը և՛ պտղի, և՛ մոր համար փորձություն է:
Հղիության և ծննդաբերության համար կատարյալ է համարվում 18-25 տարեկանը, քանի որ երիտասարդ և ուժեղ օրգանիզմը ձվաբջիջների մեծ պաշար ունի, հիմնականում զերծ է քրոնիկ հիվանդություններից: Չնայած այս պարագայում էլ անհատական մոտեցում է պետք: Երբեմն հասուն կանայք ավելի առողջ և ուժեղ են լինում, քան 18-25 տարեկան երիտասարդ աղջիկները: Հատկապես մեծ դեր ունեն գենետիկան, անհատական յուրահատկությունները և կյանքի բնույթը: Ամեն դեպքում, ըստ վիճակագրության` մինչև 25 տարեկանը մոր մոտ նվազագույն է հղիության բարդությունները, իսկ պտղի մոտ` գենետիկ խնդիրների վտանգը:
Թեև առանձնացնում ենք տվյալ տարիքային շրջանը, ներկայում 30 տարեկանն անց կանայք առավել հաճախ են առաջին անգամ ծննդաբերում: Եթե կինն իրեն լավ է զգում, առողջ ապրելակերպ է վարում, ապա առողջ երեխա ունենալու հավանականությունն ավելի մեծ է, քան մինչև 25 տարեկանը: Իհարկե, 30-ից հետո հղիությունը համեմատաբար դժվար է ընթանում, կարող են դիտվել բարձր զարկերակային ճնշում, այտուց:
35-40 տարեկանում պտղաբերությունը նվազում է և ինքնուրույն հղիանալը դժվարանում է: Հղիության ընթացքի վրա ունակ են ազդելու ապրած կյանքի որակը (վնասակար սովորություններ, սթրեսներ, ավելորդ քաշ), առկա հիվանդությունները՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ: Արդեն 60 և ավելի տարիքում հղիությունը բարդ է, բայց` հնարավոր: Բարդությունը կայանում է նրանում, որ օրգանիզմի պաշարները սպառվում են և տարիների ընթացքում վերարտադրողական օրգանների տարած հիվանդությունները (վարակներ), հղիություններն իրենց ազդեցությունն ունենում են: Այդ օրգաններում տարիքային փոփոխություններ են ընթանում, իսկ մկանները կորցնում են առաձգականությունը, որի արդյունքում բնական ճանապարհով ծննդալուծումը կարող է բարդ և տրավմատիկ ընթացք ունենալ: 40 տարեկանից հետո Դաունի համախտանիշով ծնվող երեխաները 106-ից մեկն են, իսկ 45-ից հետո՝ 30-ից մեկը: Այնպես որ, հղիության պլանավորմանը պետք է շատ լուրջ վերաբերվել ցանկացած տարիքում։
Աղբյուրը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն