Համատեղ քուն. ի՞նչ պետք է իմանան ծնողները նախքան փոքրիկին նույն անկողնում քնեցնելը

Երբ փոքրիկը քնում է մայրիկի հետ միասին,  իրեն շատ ապահով է զգում: Այն ամրապնդում է  մոր և մանկան հուզական կապը, ապահովում փոքրիկի հանգիստ քունը: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այս դեպքում նվազում է երեխաների անսպասելի մահվան ռիսկը:

Սակայն հակառակ կարծիքն ունեցող անձինք պնդում են, որ մոր հետ միասին քնելը հակահիգիենիկ է՝ բացատրելով, որ այդ նույն անկողնում ծնողներն ունենում են սեռական հարաբերություններ:

Միասին քնելու դրական կողմերը

Միասին քնելու հիմնական առավելություններից մեկն այն է, որ այդպես համընկնում է մոր և մանկան քունը, ինչն էլ իր հերթին հեշտացնում է գիշերային ժամերի խնամքը: Մորը մոտ գտնվելը, նրա հոտը շնչելը նպաստում է նաեւ կրծքով սնվելուն: Որպես կանոն՝ գիշերը մոր կողքին քնելով՝ երեխան ավելի ուշ-ուշ է արթնանում:

Ինչպե՞ս ապահովել երեխայի անվտանգությունը

  • Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ներքնակին. այն պետք է լինի ամուր և ոչ շատ փափուկ: Կյանքի առաջին տարում  երեխային բարձ հարկավոր չէ: Իհարկե, ավելորդ է նշել, որ անկողինը պետք է կատարյալ մաքուր լինի:
  • Հարկավոր է մահճակալը կամ պատի մոտ դնել, կամ տեղադրել մահճակալի արհեստական պատեր:
  • Ոչ մի դեպքում չի կարելի երեխային քնեցնել ծնողների կողքին, եթե նրանցից մեկը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ կամ ընդունել է քնաբեր հաբեր:
  • Հարկավոր է ապահովել նորմալ ջերմաստիճան. որքան ցուրտը, այնքան էլ տաքը կարող է վնասակար լինել փոքրիկի համար:

Ինչպե՞ս սովորեցնել փոքրիկին քնել սեփական անկողնում, երբ նա սովոր է միասին քնելուն

Որպես կանոն՝ ծնողների հետ համատեղ քունն ավարտվում է այն ժամանակ, երբ ավարտվում է կրծքով կերակրումը:

Շատ ծնողներ  մինչև երեխայի քնելը պառկում են նրա կողքին, շոյում են գլուխը կամ պատմություններ պատմում: Որոշ երեխաներ շարունակ կանչում են ծնողներին, նույնիսկ երբ որեւէ բանի կարիք չունեն: Դա նորմալ և արագ անցողիկ երևույթ է: Երբ փոքրիկը միայնակ պառկում է քնելու, շարունակաբար գովեք նրան եւ խրախուսեք: Ասեք, որ մեծ երեխաներն են միայնակ քնում՝ ճիշտ այնպես, ինչպես ինքը: Միաժամանակ կարելի է նրբանկատորեն դիտողություն անել, երբ մտնում է ծնողների անկողին:

Կարո՞ղ է ծնողների սեռական հարաբերությունը վախեցնել երեխաներին

Սիրով զբաղվելու համար պետք է ճիշտ ժամանակ ընտրել այն դեպքում, երբ նույն սենյակում քնում է նաև երեխան: Հոգեբանները խորհուրդ են տալիս շատ զգույշ լինել այդ հարցում, քանի որ երեխան, տեսնելով ծնողների սեքսը,  դա կարող է որակել որպես ագրեսիա ծնողների միջև և լուրջ տրավմաների ենթարկվել:

 

Աղբյուրը՝ mama.ru