Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել նորածնի խնամքը

Խնամք

Երեխայի ճիշտ խնամքը կյանքի առաջին օրերին շատ կարևոր նշանակություն ունի նրա հետագա բնականոն զագացման ու աճի համար։ Իսկ փոքրիկի խնամքի, հիգիենայի ճիշտ կազմակերպման սկզբունքները կներկայացնի մանկաբույժ Նաիրա Առաքելյանը։

 

- Ի՞նչ դիրքով պառկեցնել նորածնին։

 

Կյանքի առաջին տարում  փոքրիկին պետք է պառկեցնել մեջքի վրա, գլուխը կարելի է թեքել թե՛ աջ, թե՛ ձախ, որպեսզի եթե առաջանան փսխման զանգվածներ, դրանք հեշտությամբ դուրս գան երեխայի բերանից։

 

-Կյանքի առաջին օրերին  երեխայի համար միջավայրային ինպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ։

 

Նորածին երեխայի օրգանիզմը չի կարող բավարար քանակությամբ  հակամարմիններ արտադրել և պայքարել վնասակար մանրէների դեմ։ Այդ իսկ պատճառով կարևոր է այս շրջանում երեխայի համար բարենպաստ ու անվտանգ միջավայր ապահովելը։ Երեխան սկզբնական շրջանում պետք է  շփվի միայն մայրիկի ու ընտանիքի անդամների հետ։ Փոքրիկին պետք է մոտենալ միայն մաքուր, լվացված ձեռքերով, ցանկալի չէ նրան համբուրել, գրկելիս հպել շորերին։

Սենյակը, որտեղ գտնվում է փոքրիկը, պետք է անպայման օրվա ընթացքում օդափոխել։ Իսկ սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 23 աստիճանից ոչ ավելի։  Ցանկալի կլինի, եթե նորածնի սենյակում չլինեն գորգեր, փափուկ խաղալիքներ, որոնք կարող են իրենց մեջ պահել վնասակար բակտերիաներ։ Չի կարելի նաև երեխայի գլխավերևում խաղալիքներ կախել, քանի որ դրանք կարող են շլության զարգացման պատճառ դառնալ։

 

-Ինչպիսի՞ սպիտակեղեն ու հագուստ է անհրաժեշտ նորածնին։

 

Փոքրիկի հագուստը ընտրելիս նախապատվությունը պետք է տալ ոչ թե գեղեցկությանը, այլ որակին։ Փոքրիկի համար պետք է ընտրել բամբակյա հագուստ ու սպիտակեղեն։ Նորածնի հագուստը պետք է ապահովի ջերմություն ու չխանգարի նրա շարժումներին։

Շատ կարևոր է երեխայի շորերի ու սպիտակեղենի ճիշտ խնամքը։ Դրանք պետք է լվանալ առանձին, չօգտագործել բուրավետ ու ներկանյութեր պարունակող լվացքի

միջոցներ: Հագուստն ու սպիտակեղենը պետք է անպայման արդուկել։ Սպիտակեղենը ցանկալի է փոխել ամեն օր, շոգ եղանակին՝ օրը երկու անգամ։

 

Չպետք է թույլ տալ, որ նորածինը թեկուզ կարճ ժամանակով մնա թաց և կեղտոտ տակդիրի մեջ, քանի որ  տակդիրի տակ երեխայի մաշկը մշտապես խոնավ է, ու պետք է այն հաճախակի փոխել՝ մաշկի գրգռվածությունից խուսափելու համար։

 

՞նչ հաճախականությամբ պետք է լողացնել նորածնին։

 

Կյանքի առաջին ամսվա ընթացքում խորհուրդ է տրվում երեխային լողացնել ամեն օր, իսկ եթե եղանակը զով է, ապա լոգանքը կարելի է կազմակերպել շաբաթվա մեջ 3-4 անգամ: Երեխային պետք է լողացնել կերակրումից առաջ, քանի որ կերակրումից հետո փոքրիկները սովորաբար քնում են։

  

Շարունակելի...

 

Արփինե Մուրադյան

 

Գովազդ