Մայրական կաթ չուտելու պատճառով հայ երեխաների հասակը նվազել է

Սնունդ

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր կազմակերպվեց «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի վաճառահանման օրենսդրական կարգավորումը» թեմային նվիրված քննարկում: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ պարբերաբար խոսվում է, թե որքան երեխայի կյանք կարելի է փրկել միայն կրծքով կերակրման հաշվին:

Կա  վիճակագրություն, ըստ որի` տարեկան մինչեւ երկու միլիոն երեխա կարելի է չկորցնել կրծքով կերակրելու դեպքում: Երեխաներին մինչեւ 6 ամսականը անհրաժեշտ է կերակրել բացառապես կրծքով: Կ. Սարիբեկյանի խոսքով` փորձը ցույց է տալիս, որ կրծքով կերակրված երեխաները մտավոր ունակություններով շահեկանորեն տարբերվում են այլ սնունդ ընդունածներից: Ըստ նրա` կրծքով սնուցված երեխաները լինում են առավել առողջ, դիմացկուն, իսկ սնուցող մայրերն ավելի հեշտ են դիմադրում հիվանդություններին, վերջիններս նաեւ առավել քիչ են հակված քաղցկեղ ձեռք բերելուն:

Կ. Սարիբեկյանը նշեց, որ կրծքով սնուցում չստանալու պատճառով է մեզանում երեխաների միջին հասակը մի քանի սանտիմետրով նվազել: Նա նաեւ կարեւորեց 6 ամսականից հետո` մինչեւ 2 տարեկանը կրծքով կերակրելուն զուգահեռ ճիշտ սննդի ընտրությունը: Այսուհանդերձ, ԱՆ ներկայացուցիչը փաստում է, որ վերջին տարիներին մեր երկրում ոգեւորիչ արդյունքներ են նկատվում երեխաներին կրծքով կերակրելու հարցում:

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան 400-ից ավել երեխա է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում, ընդ որում՝ մեծամասնությունը կանխարգելելի հիվանդություններից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտությունների, երեխային մինչեւ երկու տարեկան կրծքով կերակրելը կարող է կրճատել մանկական մահացությունը մինչեւ 10-20 տոկոսով: Հայաստանի Հանրապետությունը միացել է 1981 թ. Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից ընդունված «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին», որից մասնակի դրույթներ ներառվել են «Գովազդի մասին» եւ «Սննդամթերքի մասին» ՀՀ օրենքներում:

 

Արմենպրես

Գովազդ