Գտիր կարմիրը
Մեծահասակն առաջարկում է, որ փոքրիկը գտնի և մատնանշի իր շրջապատում առկա կարմիր (կապույտ, կանաչ) իրերը: Սկզբնական շրջանում որպես հուշում փոքրիկին կարող եք կարմիր թուղթ կամ կտոր տալ: Երբ փոքրիկը գույներն արդեն վարժ գիտի, խաղը կարող եք մի փոքր բարդացնել`առաջարկելով թվարկել, թե ինչն է լինում կարմիր (նարնջագույն, կանաչ, դեղին):
Անվանիր գույնը
Մեծահասակը ցույց է տալիս առարկան և հարցնում փոքրիկին, թե ինչ գույնի է այն: Սկզբում դրանք պետք է լինեն առարկաներ, որոնք փոքրիկն այդ պահին տեսնում է: Հետո կարող եք մի փոքր բարդացնել`թվարկելով նաև իրեր, որոնք այդ պահին շրջակայքում չկան:
Ինչ և ինչից է պատրաստվում
Այս խաղի համար երեխան պետք է իմանա, թե ինչ նյութեր կան (փայտ, երկաթ, քար, կտոր) և ինչ հիմնական հատկություններ ունեն դրանք: Մեծը հարցնում է՝ ինչից է պատրաստվում առարկան`օրինակ, աթոռը, զգեստը, խաղալիքը (լավ կլինի սկզբում նշել իրեր, որոնք փոքրիկն այդ պահին տեսնում է, որոնք կարող է շոշափել), իսկ երեխան պատասխանում է:
Հիշենք գիրքը
Եթե փոքրիկի համար պարբերաբար հեքիաթներ եք կարդում, կարող եք նաև այս խաղը խաղալ: Անվանում եք հեքիաթային հերոսի անունը, իսկ փոքրիկը նշում է, թե ինչ կենդանի է այն (օրինակ`Վինի Թուխ`արջուկ, Իա-Իա`իշուկ և այլն):
Մասնագիտություններ
Փոքրիկին նախ բացատրում եք, թե ինչ մասնագիտություններ կան և ով ինչ է անում: Այնուհետև հարցնում ենք, թե ինչ է անում բժիշկը (ուսուցիչը, ոստիկանը), իսկ փոքրիկն էլ պատասխանում է`բուժում է (սովորեցնում, կարգը պահպանում): Կարող եք նաև հակառակն անել` նշել գործողությյունը, իսկ փոքրիկն էլ ասի, թե որ մասնագետն է դա անում:
Շարունակելի



