Ընտանեկան խաղեր երեխայի զարգացման համար- մաս 2

Զարգացում

Նյութի նախորդ մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Փոքրիկը կորել է

Մեծահասակն ասում է. «Գառնուկը կորել է, ինչպե՞ս է մայրիկը կանչում նրան»: Փոքրիկը պետք է պատասխանի «Բեե»: Եթե փոքրիկը ճիշտ է պատասխանում, մեծահասակն ուրախանում է. «Գառնուկը գտնվեց: Վազեց հասավ մայր գառանը»: Հետո կորչում է հաջորդ ձագուկը:

«Տուկ-տուկ»

Մեծահասակը. «Մենք գնում ենք, զբոսնում ենք և տեսնում տնակ՝ բույն (փեթակ, փոս, որջ և այլն): Տուկ-տուկ, ո՞վ է տանն ապրում»: Երեխան պատասխանում է: Եթե նա չի իմանում, պատասխանը տալիս է մեծահասակը:

 

Խաղի մյուս տարբերակն է - գտնել կոնկրետ կենդանու տունը. «Սկյուռիկը կորել է, որտե՞ղ է նրա տունը: Փչակու՞մ: Որջո°ւմ: Ծառի խոռոչո°ւմ»: Երեխան պատասխանում է «այո» կամ «ոչ»:

Ով որտեղ է ապրում

Խաղն ունի երկու տարբերակ, որոնք ցանկալի է կատարել հաջորդաբար: Առաջին տարբերակում մեծահասակը   մի քանի բնակավայրերի անվանումներ է ասում՝ անապատ, սառցադաշտ, օվկիանոս, անտառ, ջունգլի, հարթավայր, տափաստան: Հետո փոքրիկը մեծի օգնությամբ սովորում  է՝ ինչպիսի կենդանիներ են այդտեղ ապրում:

Երկրորդ տարբերակում մոլորված կենդանին խնդրում է օդաչուին (կամ թռչնին) իրեն տանել տուն, դրա համար պետք է ասի՝ որտեղ է իր տունը: Եթե փոքրիկը չի կարողանում պատասխանել, հարցը տվեք այնպես, որ նա պատասխանի «այո» կամ «ոչ»:

Փիղը եկավ մեզ  հյուր

Մեծը. «Փիղը (վագրը, մուկը, նապաստակը, և այլն) եկավ մեզ հյուր, ինչո՞վ կարող ենք նրան հյուրասիրել»: Փոքրիկը պատասխանում է (եթե չի իմանում, մեծը մանրամասն պատմում է, թե ինչով է սնվում տվյալ կենդանին):

Արի հիշենք

Երեխան մեծի օգնությամբ թվարկում է իր իմացած բոլոր գույները (կարող է թվարկել նաև բանջարեղենը, միրգը, հագուստի կամ կահույքի տեսակները): Ավելի դժվար տարբերակ է թվարկել առարկաներ, որոնք երկու չափանիշների են համապատասխանում (օրինակ` բոլոր նարնջագույն մրգատեսակները): Մեծահասակը և մանկիկը  (կամ մի քանի երեխաներ) կարող են թվարկել առարկաները հերթով:

Շարունակելի

Գովազդ