Ժամանակակից երեխաները շատ ժամանակ են անցկացնում ավտոմեքենայի մեջ:
Կարևոր է ապահովել երեխայի անվտանգությունը մեքենայում: Մենք առանձնացրել ենք անվտանգության մի քանի կանոն:
Կանոն № 1
Առաջին և ամենակարևոր կանոնը՝ փոքր երեխայի համար մեքենայում ունենալ հատուկ նստարան (car seat): Այսօր խանութներում շատ կան նման նստարաններ: Մինչև գնելն անպայման կարդացեք դրանց մասին համացանցում: Այդպես կկարողանանք երեխայի հասակին, քաշին, տարիքին համապատասխան նստարան գնել: Կարող եք նաև խանութի աշխատակցին խնդրել օգնել ընտրության հարցում:
Կանոն № 2
Շատ հաճախ մեքենայում երեխայի նստարանը ճիշտ տեղադրված չէ: Այս պարագայում այն չի կարող կատարել իր իսկական գործառույթը՝ ապահովել երեխայի անվտանգությունը: Որպեսզի չսխալվեք, նախքան որևէ վայր գնալը տանն ուսումնասիրեք նստարանի ուղեցույցը: Նստարանը պետք է մեքենայում տեղադրել նախապես:
Կանոն № 3
Անվտանգության նստարանը պետք է տեղադրել մեքենայի հետևի հատվածում, որպեսզի վթարի դեպքում երեխան չվնասվի անվտանգության բարձիկների պատճառով: Նստարանի անվտանգության գոտին պետք է անպայան կապել: Պետք է ամրագոտին լինի այնպես, որ այն չսահի դեպի երեխայի պարանոցը:
Կանոն № 4
Ամտոմեքենայի մեջ կարող եք դնել հավելյալ հայելի, որպեսզի երեխային տեսնեք ամբողջությամբ:
Կանոն № 5
Մեքենայի՝ հետևի ապակուն փակցված «մեքենայում երեխա կա» արտահայտությունը, իհարկե, չի ապահովագրի վթարներից, բայց ամեն դեպքում այն կզգաստացնի մյուս վարորդներին:
Կանոն № 6
Եթե անգամ դուք ունեք 2 րոպեի գործ, երբեք, երբեք մի թողեք երեխային ավտոմեքենայում մենակ: Վերցրեք երեխային ձեզ հետ ու փակեք ավտոմեքենայի դռները: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ երեխան քնած է, հոգնած է: Երեխային մեքենայում մենակ թողնելn անվտանգ չէ: