Երեխայի իմունիտետը բարձրացնելուն նպաստում են վիտամինները և հանքային նյութերը:
Նախընտրելի է, որ երեխան դրանք ստանա բնական սննդի` մրգերի և բանջարեղենի միջոցով, ոչ թե վիտամինային հաբերով: Այսպես դրանք ավելի լավ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ստորև կներկայացնենք 10 մթերք, որոնք ողջ տարին կամրացնեն Ձեր փոքրիկի իմունիտետը:
1. Կաթ․ Առանձնանում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և հանքային նյութերի բարձր պարունակությամբ: Միայն թե երեխային չափազանց յուղային կաթ մի՛ տվեք. 1 տարեկանից հետո փոքրիկին կարելի է տալ 1,5-2 տոկոս յուղայնությամբ կաթ:
2. Կեֆիր և յուգուրտ․ Սրանք պարունակում են կենդանի մանրէներ, որոնք պահպանում են ստամոքսի միկրոֆլորան և բարձրացնում են իմունիտետը: Փոքրիկին կեֆիր կարելի է տալ արդեն 8 ամսականից, իսկ յոգուրտ` 1,5 տարեկանից հետո: Իհարկե, խոսքը տվային պայմաններում պատրաստված յոգուրտի մասին է։
3. Խնձոր․ Կարգավորում է ստամոքսի միկրոֆլորան և լավացնում մարսողությունը:
4.Գազար․ Մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսների նկատմամբ, օգնում է սակավարյունության և ընդհանուր թուլության դեպքում: Բացի այդ, գազարը պարունակում է բետա-կարոտին, որն անհրաժեշտ է լավ տեսողության համար:
Փոքրիկին մատուցելու համար այն կարելի է քերիչով անցկացնել կամ քամել հյութը: Փորլուծության դեպքում գազարը կարելի է օգտագործել եփված վիճակում: Այս պարագայում վիտամինները պահպանելու համար գազարը պետք է եփել գոլորշու վրա:
5. Բազուկ․ Այս բանջարեղենը օգտակար է հատկապես սակավարյունության դեմ պայքարում, ունի հակաբորբոքային ազդեցություն և լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը: Բազուկը նախընտրելի սնունդ է վիրուսային հիվանդությունների ժամանակ, քանի որ այն հեշտ է մարսվում և կոկորդացավի դեպքում այն կուլ տալիս տհաճություն չի պատճառում:
6.Մաղադանոս․ Քանի որ մաղադանոսը պարունակում է գրեթե բոլոր վիտամինները՝ կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆսոր, այն բուժիչ միջոց է անգամ մրսածության և գրիպի ժամանակ:
Ապուր կամ խյուս պատրաստելիս վերջում անպայման մի քիչ մանրացրած մաղադանոսի տերևներ ավելացրեք:
7. Ձուկ. Սա ճարպաթթվի անսպառ աղբյուր է: Դրական է ազդում ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա, բարձրացնում է դիմադրողականությունը:
8. Հնդկահավ. Սա շատ օգտակար և դիետիկ միս է: Այն հարուստ է սպիտակուցներով, B խմբի վիտամիններով, երկաթով, ցինկով և մագնեզիումով: Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում սակավարյունությունը:
9. Հավկիթ․ Հարուստ է սպիտակուցներով և լյուտեինով։
10. Սոխ և սխտոր: Սրանք հայտնի են ֆիտոնցիդի բարձր պարունակությամբ, որոնք սպանում են մանրէներy և նպաստում իմունիտետի բարձրացմանը: