Առջևում ձմեռ է` փոքրիկների սիրելի եղանակը: Ձմեռը, սակայն, նաև փորձության շրջան է ծնողների համար. զերծ պահել երեխային մրսելուց ու հիվանդանալուց` միևնույն ժամանակ չզրկելով նրան արտաքին աշխարհի հետ շփումից:
«Պետք է ուշադիր լինենք, տաք, բայց թեթև հագցնենք մեր փոքրիկներին»,-ասում է մանկաբույժ Ասյա Ներսիսյանը:
Գլխարկ, ձեռնոցներ, շարֆ, տաք վերարկու. սրանք այն 4 կարևոր հագուստ-աքսեսուարներն են, որոնք, ըստ մանկաբույժի, պարտադիր են Ձեր փոքրիկի համար տարվա ամենացուրտ եղանակը սկսելուց առաջ:
Տաք հագուստը պետք է թեթև և հարմարավետ լինի: Մանկաբույժ Ներսիսյանը սխալ է համարում, որ երբեմն երեխային այնքան շոր են հագցնում, որ նա հագուստի մեջ չի երևում: «Հագուստի չափազանց հաստությունը և ծանրությունը խանգարում են երեխային վայելել զբոսանքը կամ խաղը»:
Ձմռան ցրտին երեխայի հետ դուրս գալուց ծնողները պետք է նաև իրենց ձեռքի տակ ունենան ամենատարբեր ցրտից պաշտպանող և փափկեցնող քսուկներ, քանի որ, ըստ բժշկի, ցրտահարությունը որոշ դեպքերում անկանխատեսելի է:
Ներսիսյանն ասում է, որ տաք հագուստը,անգամ եթե երեխան դրսում է 10-15 րոպեով, պարտադիր է:
«Մեր փոքրիկներն էլ մեր նման մրսկան են, ոչ մի դեպքում պետք չէ, որ նրանք ցրտահարվեն, երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները անգիտակցաբար մրսեցնում են երեխաներին կամ մտածում են թեթև հագցնել և նման կերպ կոփել նրան, որը հակառակ արդյունք է տալիս, պետք է հիշել թեթև, բայց տաք և որակյալ հագուստ է պետք Ձեր փոքրիկին»,-ավելացնում է Ներսիյանը:
Ցանկալի է դեռ նորածնային հասակից սկսած ծնողները երեխաներին դուրս բերեն արևի տակ, քանի որ արևի ճառագայթների միջոցով երեխային փոխանցվում է խիստ կարևոր D վիտամինը, որը կանխում է ռախիտը: Ձմռան ցրտին ևս, ըստ Ներսիսյանի, կարճ ժամանակահատվածով արևի տակ մաքուր օդում լինելը փոքրիկի համար պարտադիր է և առողջարար:



