Ի˚նչ խաղալիք գնել երեխայի համար: «Վտանգավոր» խաղալիքներ

Երեխաները սովորաբար օրվա մեծ մասն անցկացնում են խաղով: Այն երեխայի համար ոչ միայն հաճելի ժամանց է, այլ նաև անհրաժեշտ գործունեություն:

Խաղը նպաստում է երեխայի մտավոր ու ֆիզիկական զարգացմանը, որպես հմտությունների ձևավորման առաջին աստիճան` խթանում դրանց ձեռքբերումը:

Կարևոր է, որ խաղալիքները լինեն  անվտանգ և համապատասխանեն  երեխայի տարիքին: Այլապես խաղալիքը կարող է վտանգավոր լինել:

Խաղալիքը պետք է

  • Համապատասխանի երեխայի մտավոր զարգացմանը,
  • Համապատասխանի երեխայի ֆիզիկական հնարավորություններին,
  • Տվյալ տարիքի երեխայի համար լինի անվտանգ և դիմացկուն,
  • Լինի երեխայի համար հետաքրքիր և գրավիչ:

Մեկ տարեկանից փոքր երեխաները խաղալիքը «ճանաչում» են շոշափելու, բռնելու,  թափահարելու, բերանը տանելու և «համտեսելու» միջոցով:

 

Այս տարիքում խաղալիքները

  • Երեխայի համար զգայական խթանման միջոցներ են, հետևաբար պետք է ունենան վառ գույներ(տեսողական խթանում), լինեն հարթ և փափուկ (տակտիլ խթանում) և ձայներ արձակեն (լսողական խթանում),
  • Պետք է լինեն մանկական բռունցքից մեծ և չպարունակեն մանր մասեր, որոնք երեխան կարող է բերանը դնել` առաջ բերելով շնչահեղձության վտանգ, մտցնել քթի կամ ականջի մեջ,
  • Պետք է լինեն դիմացկուն և շուտ չջարդվող,
  • Չպետք է պարունակեն մետաղյա մասեր, որոնք կարող են վնասել երեխային,
  • Չպետք է ունենան երկար մազեր կամ թելեր:
  • Չի կարելի խաղալիքները թելերով կամ պարաններով կախել երեխայի մահճակալի կամ մանեժի եզրերից. սկսած 6-7 ամսականից` երեխան ձեռքերի վրա հենվելով, փորձում է բարձրանալ, ուստի կարող է խճճվել թելերի մեջ ու շնչահեղձ լինել:

 

 

Նյութն ըստ «Այնքա~ն ծանոթ և այնքա~ն անծանոթ... մեր երեխան» ձեռնարկի