Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝
«Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո ընթացող արշավին առաջին անգամ միացել է նաև Հայաստանը:
«Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին պետք է տեղեկացված լինեն ոչ միայն քաղաքացիները, հիվանդները, այլև առաջին հերթին բժիշկներն ու դեղագետները»,-ասում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով` քարոզարշավի նպատակն է հանրության լայն շրջանում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին տեղեկատվության տարածումը: «Հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով: Մենք կոչ ենք անում կիրառել հակաբիոտիկներ միայն բժշկի ցուցմամբ»,-ընդգծում է Խաչատրյանը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի փոխանցմամբ` հաշվի առնելով հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառմամբ պայմանավորված ռիսկերը և մեծապես կարևորելով այս թեման՝ ԱՀԿ-ն որոշում է կայացրել մեկ շաբաթ նվիրել քարոզարշավի իրականացմանը: «Քարոզարշավի կարգախոսն արտացոլում է այն փաստը, որ հակաբիոտիկները պետք է կիրառել միայն և միայն անհրաժեշտության դեպքում»,-ասում է մասնագետը:
Վարակիչ հիվանդությունները տասնամյակներ շարունակ բուժելի են: Սակայն հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը: Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, հետևաբար նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ:
ԱՀԿ-ի հաշվարով՝ եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:



