5 արտահայտություն, որոնք կարող են թուլացնել երեխայի ինքնավստահությունը

Ծնողները երբեմն զայրույթի պահին կամ անելանելի թվացող իրավիճակներում անում են արտահայտություններ, որոնք կարող են աննկատ ազդել նրա ինքնագնահատականի վրա։

Մեկ սխալ արտահայտությունը դեռ որոշիչ չէ։ Սակայն երբ երեխան պարբերաբար լսում է քննադատություն, համեմատություններ կամ զգում է, որ իր զգացմունքներն անտեսված են, կարող է սկսել կասկածել սեփական կարողություններին։

Ահա 5 արտահայտություն, որոնցից արժե խուսափել։ 

1. «Տե՛ս՝ եղբայրդ /դասընկերդ/ ինչպես է անում, իսկ դու՝ ոչ»

Երեխային ուրիշների հետ համեմատելը կարող է նրա մեջ առաջացնել թերարժեքություն առաջացնել։ Երեխան կարող է մտածել, որ ինքը նվազ  ընդունակ կամ հաջողակ է, ինչն աստիճանաբար կարող է թուլացնել սեփական ուժերի հանդեպ վստահությունը։

Փոխարենը՝ «Հիշո՞ւմ ես՝ նախորդ անգամ որքան դժվար էր քեզ համար։ Տես՝ այս անգամ ինչ լավ ստացվեց»։

2. «Դու ոչինչ չես կարողանում ճիշտ անել»

Այս արտահայտությունը մեկ անհաջողությունը վերածում է երեխայի մասին ընդհանուր գնահատականի։ Երեխան կարող է մտածել, որ ինքն ընդհանրապես անկարող է, ոչ թե պարզապես այս անգամ սխալվել է։

Փոխարենը՝ «Այս անգամ չստացվեց, բայց կարող ենք միասին հասկանալ՝ ինչպես անել հաջորդ անգամ»։

3. «Դու ծույլ ես» կամ «Դու անուշադիր ես»

Երեխային պիտակավորելը կարող է ստիպել նրան իրեն նույնացնել այդ բնորոշումների հետ։ Ավելի օգտակար է խոսել կոնկրետ վարքի, ոչ թե երեխայի անձի մասին։

Փոխարենը՝ «Նկատեցի, որ այսօր դժվարանում ես կենտրոնանալ։ Եկ միասին մտածենք՝ ինչն է խանգարում»։

4. «Մի՛ լացիր, դու արդեն մեծ ես»

Այս խոսքերը կարող են երեխային փոխանցել, որ տխրելը, վախենալը կամ հիասթափվելը սխալ է։ Մինչդեռ զգացմունքները ճանաչելն ու արտահայտելը հուզական զարգացման կարևոր մասն են։

Փոխարենը՝ «Տեսնում եմ, որ տխուր ես։ Կուզե՞ս պատմել՝ ինչ է պատահել»։

5. «Ամոթ է, ի՞նչ կմտածեն մարդիկ»

Այս արտահայտությունը երեխայի ուշադրությունը կենտրոնացնում է շրջապատի կարծիքի վրա։ Երեխան պետք է սովորի պատասխանատվություն կրել իր արարքների համար, ոչ թե պարզապես վախենալ ուրիշների գնահատականից։

Փոխարենը՝ «Արի մտածենք՝ քո վարքն ինչպես ազդեց մյուսի վրա և ինչ կարող ենք անել իրավիճակը շտկելու համար»։

Կարևոր է հիշել

Ոչ մի ծնող կատարյալ չէ, և երբեմն բոլորս էլ ասում ենք բաներ, որոնց համար հետո զղջում ենք։ Կարևոր է, որ կարողանանք ընդունել մեր սխալը, ներողություն խնդրել և երեխայի հետ վերականգնել կապը։

Երեխայի ինքնավստահությունը ձևավորվում է ոչ թե մշտական գովասանքից, այլ այն զգացումից, որ իրեն ընդունում են, լսում և աջակցում նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ բան չի ստացվում։

Աղբյուրներ՝ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, ՅՈՒՆԻՍԵՖ, Հարվարդի համալսարանի Երեխայի զարգացման կենտրոն, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա