Ծնողները երբեմն զայրույթի պահին կամ անելանելի թվացող իրավիճակներում ասում են արտահայտություններ, որոնք կարող են աննկատ ազդել նրա ինքնագնահատականի վրա։
Մեկ արտահայտությունը կամ մեկ սխալը դեռ որոշիչ չէ։ Սակայն երբ երեխան պարբերաբար լսում է քննադատություն, համեմատություններ կամ իր զգացմունքների մերժում, կարող է սկսել կասկածել սեփական կարողություններին և արժեքին։
Ահա հինգ արտահայտություն, որոնց փոխարեն կարելի է ընտրել ավելի աջակցող խոսքեր։
1. «Տես՝ եղբայրդ ինչպես է անում, իսկ դու՝ ոչ»
Երեխային ուրիշների հետ համեմատելը կարող է նրա մեջ առաջացնել անբավարարության զգացում և տպավորություն ստեղծել, որ իր արժեքը կախված է ուրիշներից լավը լինելուց։
Փոխարենը՝ «Հիշո՞ւմ ես՝ նախորդ անգամ որքան դժվար էր քեզ համար։ Տես՝ այս անգամ ինչ լավ ստացվեց»։
2. «Դու ոչինչ ճիշտ անել չես կարող»
Այս արտահայտությունը մեկ անհաջողությունը վերածում է երեխայի մասին ընդհանուր գնահատականի։ Երեխան կարող է մտածել, որ ինքն ընդհանրապես անկարող է, ոչ թե պարզապես այս անգամ սխալվել է։
Փոխարենը՝ «Այս անգամ չստացվեց, բայց կարող ենք միասին հասկանալ՝ ինչպես անել հաջորդ անգամ»։
3. «Դու ծույլ ես» կամ «Դու անուշադիր ես»
Երեխային պիտակավորելը կարող է ստիպել նրան իրեն նույնացնել այդ բնորոշումների հետ։ Ավելի օգտակար է խոսել կոնկրետ վարքի, ոչ թե երեխայի անձի մասին։
Փոխարենը՝ «Նկատեցի, որ այսօր դժվարանում ես կենտրոնանալ։ Եկ միասին մտածենք՝ ինչն է խանգարում»։
4. «Մի՛ լացիր, դու արդեն մեծ ես»
Այս խոսքերը կարող են երեխային փոխանցել, որ տխրելը, վախենալը կամ հիասթափվելը սխալ է։ Մինչդեռ զգացմունքները ճանաչելն ու արտահայտելը հուզական զարգացման կարևոր մասն են։
Փոխարենը՝ «Տեսնում եմ, որ տխուր ես։ Կուզե՞ս պատմել՝ ինչ է պատահել»։
5. «Ամոթ է, ի՞նչ կմտածեն մարդիկ»
Այս արտահայտությունը երեխայի ուշադրությունը կենտրոնացնում է շրջապատի կարծիքի վրա՝ փոխարենը օգնելու հասկանալ սեփական վարքի հետևանքները։ Երեխան պետք է սովորի պատասխանատվություն կրել իր արարքների համար, ոչ թե պարզապես վախենալ ուրիշների գնահատականից։
Փոխարենը՝ «Եկ մտածենք՝ քո արածը ինչպես ազդեց մյուսի վրա և ինչ կարող ենք անել իրավիճակը շտկելու համար»։
Կարևոր է հիշել
Ոչ մի ծնող կատարյալ չէ, և երբեմն բոլորս էլ ասում ենք բաներ, որոնց համար հետո զղջում ենք։ Կարևորն այն է, որ կարողանանք ընդունել մեր սխալը, ներողություն խնդրել և երեխայի հետ վերականգնել կապը։
Երեխայի ինքնավստահությունը ձևավորվում է ոչ թե մշտական գովասանքից, այլ այն զգացումից, որ իրեն ընդունում են, լսում և աջակցում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ բան չի ստացվում։
Աղբյուրներ՝ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, ՅՈՒՆԻՍԵՖ, Հարվարդի համալսարանի Երեխայի զարգացման կենտրոն, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա



