Երբ երեխան պարտվում է խաղում կամ որևէ մրցույթում, նա կարող է բարկանալ, լաց լինել, մեղադրել մյուսներին կամ նույնիսկ հրաժարվել այլևս խաղալուց։ Ծնողի համար գուցե ավելի հեշտ լինի զիջել և թույլ տալ, որ երեխան հաղթի, բայց պարտվելն էլ կարող է կարևոր փորձառություն լինել։
Եթե երեխան նման իրավիճակներում ստանում է ծնողի աջակցությունը, աստիճանաբար սովորում է ընդունել անհաջողությունը, կառավարել զգացմունքներն ու փորձել կրկին։ Ահա 7 կարևոր հմտություն, որոնց զարգացմանը կարող է նպաստել այս փորձը։
1. Սովորում է ընդունել հիասթափությունը
Երեխան հասկանում է, որ միշտ չէ, որ ամեն ինչ իր ուզածով է լինում։ Պարտությունը կարող է տխրեցնել, և դա բնական է։ Կարևորն այն է, որ նա աստիճանաբար սովորի ընդունել այդ զգացումը՝ առանց խաղը կիսատ թողնելու կամ մյուսների հետ վիճելու։
Ինչպե՞ս օգնել․ մի՛ ասեք՝ «Դրա համար լացել չի կարելի»։ Փոխարենը՝ ասեք․ «Գիտեմ, որ ուզում էիր հաղթել, և հիմա տխուր ես։ Հասկանում եմ քեզ»։
2. Զարգացնում է զգացմունքները կառավարելու կարողությունը
Պարտվելիս երեխան կարող է բարկանալ, հուզվել կամ լաց լինել։ Ինքնակարգավորման՝ դեռևս զարգացող հմտությունները թույլ չեն տալիս նրան միշտ հանգիստ արձագանքել նման իրավիճակներին։ Ծնողի օգնությամբ նա կարող է սովորել կանգ առնել, հանգստանալ և իր զգացմունքներն արտահայտել առանց վիրավորելու կամ վնասելու ուրիշներին։
Ինչպե՞ս օգնել․ առաջարկեք մի փոքր դադար վերցնել, հանգիստ շնչել կամ գրկել ձեզ։ Խոսեք կատարվածի մասին, երբ երեխան արդեն հանդարտվել է։
3. Սովորում է չհանձնվել առաջին անհաջողությունից հետո
Երբ երեխան պարտվում է, բայց շարունակում է խաղալ, փորձում է կրկին և աստիճանաբար բարելավում իր արդյունքը, հասկանում է, որ մեկ անհաջողությունը վերջնական արդյունք չէ։ Նա սովորում է, որ հմտությունները զարգանում են փորձի և վարժվելու միջոցով։
Ինչպե՞ս օգնել․ ուշադրություն դարձրեք ոչ միայն արդյունքին, այլև երեխայի ջանքերին։ Ասեք․ «Այս անգամ չհաղթեցիր, բայց նկատեցի, որ ավելի լավ էիր կատարում այս քայլը։ Կարող ենք նորից փորձել»։
4. Սովորում է գնահատել սեփական ջանքերը, ոչ միայն հաղթանակը
Եթե երեխան միշտ լսում է, որ կարևորը հաղթելն է, կարող է սկսել իր հաջողությունը չափել միայն արդյունքով։ Իսկ երբ ծնողը գնահատում է նաև ջանքերը, առաջընթացն ու մասնակցությունը, երեխան հասկանում է, որ իր աշխատանքն արժեքավոր է նույնիսկ այն դեպքում, երբ չի հաղթում։
Ինչպե՞ս օգնել․ խաղից հետո հարցրեք՝ «Ի՞նչն ամենալավը ստացվեց քեզ մոտ», «Ի՞նչ նոր բան սովորեցիր» կամ «Ի՞նչ կուզեիր հաջորդ անգամ այլ կերպ անել»։
5. Սովորում է հարգել ուրիշներին
Լավ խաղընկեր լինել չի նշանակում իմանալ՝ ինչպես հաղթել։ Երեխան պետք է սովորի հետևել խաղի կանոններին, հարգել մրցակցին և չնվաստացնել պարտվածին։
Ինչպե՞ս օգնել․ ինքներդ օրինակ ծառայեք՝ շնորհավորեք հաղթողին, մի՛ ծաղրեք պարտվողին և երեխային սովորեցրեք, որ հաղթանակը մյուսին վիրավորելու պատճառ չէ։
6. Զարգացնում է կարեկցանքը
Երբ երեխան ինքն է զգում պարտության տհաճությունը, կարող է ավելի լավ հասկանալ, թե ինչ է զգում մյուսը նման իրավիճակում։ Սա հնարավորություն է՝ նկատելու ուրիշների զգացմունքները, աջակցել նրանց և չծաղրել անհաջողության համար։
Ինչպե՞ս օգնել․ հարցրեք․ «Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է զգում քո ընկերը, երբ պարտվում է»։ Խրախուսեք երեխային աջակցել ընկերոջը, ոչ թե ուրախանալ նրա անհաջողությամբ։
7. Սովորում է վերլուծել սխալներն ու նոր լուծումներ գտնել
Պարտությունը կարող է օգնել երեխային հասկանալ, թե ինչն իրեն չհաջողվեց և ինչ կարող է փոխել հաջորդ անգամ։ Սա զարգացնում է խնդիրներ լուծելու և սեփական գործողությունները գնահատելու կարողությունը։
Ինչպե՞ս օգնել․ մի՛ շտապեք քննադատել կամ ասել՝ ինչն էր սխալ։ Հարցրեք․ «Քո կարծիքով՝ հաջորդ անգամ ի՞նչ կարող ես այլ կերպ անել»։ Թող երեխան ինքնուրույն մտածի հնարավոր լուծումների մասին։
Իսկ ի՞նչ չարժե անել, երբ երեխան պարտվում է
-
Մի՛ համեմատեք նրան մյուս երեխաների հետ։
-
Մի՛ նախատեք լացելու կամ բարկանալու համար։
-
Մի՛ ասեք․ «Տես՝ մյուսները կարողանում են»։
-
Ամեն անգամ մի՛ զիջեք՝ միայն նրա լացից խուսափելու համար։
-
Մի՛ կենտրոնացեք միայն հաղթանակի և պարտության վրա։
-
Մի՛ ստիպեք անմիջապես շարունակել խաղը, եթե երեխան դեռ շատ հուզված է։
Կարևոր է․ երեխային պարտվել սովորեցնելը չի նշանակում ստիպել նրան չտխրել կամ ճնշել իր զգացմունքները։ Նա իրավունք ունի հիասթափվելու։ Մեր խնդիրն է օգնել նրան հասկանալ, որ պարտվել չի նշանակում անկարող լինել, իսկ մեկ անհաջողությունը չի որոշում իր արժեքը։



