Ինչպե՞ս են սոցիալական ցանցերը «որսում» երեխաներին

UNICEF-ը զրուցել է թվային ծնողավարության մասնագետ դոկտոր Ժակլին Նեսիի հետ՝ հասկանալու, թե սոցիալական ցանցերի հավելվածներում ինչպիսի դիզայներական մեխանիզմներ են օգտագործվում, որպեսզի երեխաները, ինչպես նաև մեծահասակները, հնարավորինս երկար մնան էկրանի առաջ, և ինչ կարող են անել ծնողները։

Ինչպե՞ս են սոցիալական ցանցերը փորձում պահել երեխաների և դեռահասների ուշադրությունը

Ժակլին Նեսի․ Սոցիալական ցանցերի հավելվածներն օգտագործում են բազմաթիվ դիզայներական լուծումներ, որոնք նպաստում են նրան, որ երեխաներն ու դեռահասները երկար մնան հարթակում։ Դրանցից են, օրինակ, անվերջ սքրոլը (երբ լրահոսը վերջ չունի, տեսանյութերը մեկը մյուսի հետևից ինքնուրույն միանում են), ծանուցումները և թվային ցուցիչները (դիտում, լայք և այլն)։

Այս մեխանիզմների շնորհիվ երեխաները, ինչպես նաև մեծահասակները, ավելի երկար են մնում հարթակներում և ավելի հաճախ են վերադառնում։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում սոցիալական ցանցերի ալգորիթմները, ինչպե՞ս են դրանք աշխատում, և ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

Ժակլին Նեսի․ Մենք շատ բան չգիտենք, թե կոնկրետ ինչպես են կառուցված սոցիալական ցանցերի ալգորիթմները, որովհետև ընկերությունների մեծ մասը այդ տեղեկատվությունը հրապարակային չի դարձնում։ Սակայն գիտենք, որ բազմաթիվ հարթակների ալգորիթմներ ստեղծված են՝ հնարավորինս մեծացնելու օգտատիրոջ ներգրավվածությունն ու հարթակում անցկացրած ժամանակը։

Երբ մենք օգտվում ենք որևէ հարթակից, ալգորիթմը աստիճանաբար «սովորում է», թե ինչպիսի բովանդակությունն է մեզ ավելի երկար պահում այնտեղ, ինչ տեսանյութեր ենք ավելի երկար դիտում, ինչ լուսանկարներ ենք թերթում, ինչ հրապարակումների վրա ենք կանգ առնում։ Այնուհետև մեզ ավելի շատ նմանատիպ բովանդակություն է առաջարկում։

Ալգորիթմի օգտագործումն ինքնին պարտադիր չէ, որ խնդիր լինի։ Օրինակ՝ այն կարելի է օգտագործել նաև կրթական կամ երեխայի տարիքին համապատասխան բովանդակությունն ավելի հաճախ ցուցադրելու համար։

Սակայն ծնողները պետք է իմանան, որ սոցիալական մեդիայի ընկերությունների շատ ալգորիթմներ ստեղծված չեն երեխայի բարեկեցությունն առավելագույնի հասցնելու համար։ Դրանց հիմնական նպատակը ներգրավվածությունն է, ինչի պատճառով երեխաների համար երբեմն ավելի դժվար է պարզապես փակել հավելվածն ու հեռախոսը մի կողմ դնել։

Ինչո՞ւ են երեխաներն ավելի խոցելի նման ազդեցությունների առումով, քան մեծահասակները

Ժակլին Նեսի․ Երեխաների ինքնակարգավորման կարողությունները դեռ զարգանում են։ Այդ պատճառով նրանց համար կարող է շատ դժվար լինել հեռախոսը մի կողմ դնել կամ դադարեցնել սոցիալական ցանցերի օգտագործումը, հատկապես երբ հավելվածների մեխանիզմները հենց այդ ինքնակարգավորման կարողությունն են շարունակաբար փորձության ենթարկում։

Դեռահասները նաև կարող են ավելի զգայուն լինել պարգևատրման նկատմամբ, հատկապես սոցիալական պարգևատրման, օրինակ՝ հասակակիցներից ստացած «լայքերի» կամ դիտումների։ Սա կարող է էլ ավելի դժվարացնել հեռախոսից կտրվելը։

Բացի դրանից, այստեղ իրական սոցիալական գործոն էլ կա։ Շատ դեռահասներ ընկերների հետ հիմնականում շփվում են հաղորդագրություններով կամ սոցիալական ցանցերում։ Բնական է, որ երեխան կարող է իրեն դուրս մնացած զգալ, եթե այդ միջավայրի մաս չէ։

Նման բան պատահում է նաև մեծահասակների հետ, սակայն երեխաներն ու դեռահասները կարող են այդ առումով ավելի զգայուն լինել, որովհետև զարգացման այս փուլում հասակակիցների հետ հարաբերությունները շատ կարևոր դեր ունեն։

Ի՞նչ գիտենք սոցիալական մեդիայի և առողջության միջև կապի մասին, և ի՞նչ դեռ չգիտենք

Ժակլին Նեսի․ Գիտնականները շարունակում են ուսումնասիրել, թե սոցիալական մեդիան ինչպես է ազդում երեխաների և դեռահասների հոգեկան առողջության վրա։

Այս պահին գիտենք, որ ազդեցությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես է սոցիալական մեդիան օգտագործվում, և որ այն տարբեր երեխաների վրա կարող է շատ տարբեր ազդեցություն ունենալ։

Որոշ երեխաներ՝ հատկապես նրանք, ովքեր արդեն ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կամ այլ հուզական դժվարություններ, կարող են ավելի ռիսկային գոտում լինել։ 

Մյուսների դեպքում ռիսկը կարող է ավելի փոքր լինել, հատկապես եթե երեխաներին ուղղորդում ենք և սովորեցնում, թե ինչպես է պետք սոցիալական մեդիան օգտագործել։

Բոլոր երեխաների դեպքում կարևոր է համոզվել, որ սոցիալական մեդիան չի փոխարինում հոգեկան առողջության համար կարևոր այլ զբաղմունքներին՝ քնին, ֆիզիկական ակտիվությանը և իրական սոցիալական հարաբերությունների ձևավորմանը։

Ի՞նչ նշաններ կարող են ցույց տալ, որ երեխայի սոցիալական մեդիայի օգտագործումը դարձել է խնդրահարույց

Ժակլին Նեսի․ Ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք սոցիալական մեդիան արդեն սկսում է խանգարել երեխայի կյանքի այլ ոլորտներին։

Արդյո՞ք դրա պատճառով երեխայի մոտ լուրջ խնդիրներ են առաջանում, բայց նա չի կարողանում դադարեցնել օգտագործումը։

Արդյո՞ք սոցիալական մեդիան խանգարում է կարևոր այլ գործերին, օրինակ՝ քնելուն կամ դպրոցական առաջադրանքները կատարելուն։

 

Աղբյուրը՝ UNICEF