Երեխային մի քանի անգամ ասում եք՝ հավաքի՛ր խաղալիքներդ, հագնվի՛ր կամ անջատի՛ր հեռախոսը, բայց նա, կարծես, չի լսում։ Մինչև բարկանալը փորձեք հասկանալ՝ ինչու է այդպես վարվում։ Երեխայի՝ խնդրանքին չարձագանքելը միշտ չէ, որ անհնազանդություն է։
1. Նա դեռ սովորում է կառավարել իր վարքը
Փոքր երեխաների ինքնակառավարման և ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունները դեռ զարգանում են։ Նրանք միշտ չէ, որ կարողանում են անմիջապես դադարեցնել հետաքրքիր խաղը և կատարել մեծահասակի խնդրանքը։
Ինչ անել․ խնդրանքը ձևակերպեք կարճ և հստակ։ Փոխարենը՝ «Վերջ տուր այդ ամենին», ասեք՝ «Խնդրում եմ, խաղալիքները դիր տուփի մեջ»։
2. Նա ամբողջությամբ կլանված է խաղով
Երբ երեխան զբաղված է իրեն հետաքրքրող գործունեությամբ, կարող է պարզապես չնկատել կամ ուշ արձագանքել ձեր խոսքին։
Ինչ անել․ նախ՝ մոտեցեք երեխային, դիմեք նրան անունով և համոզվեք, որ ուշադրությունը ձեր կողմն է։ Անհրաժեշտության դեպքում նախապես զգուշացրեք, որ խաղն ավարտելու ժամանակն է։
3. Ձեր խնդրանքը չափազանց ընդհանուր է
«Լա՛վ պահիր քեզ», «Սենյակդ հավաքի՛ր» կամ «Չարություն մի՛ արա» արտահայտությունները երեխայի համար միշտ չէ, որ հստակ են։ Նա կարող է չհասկանալ՝ կոնկրետ ինչ եք ակնկալում։
Ինչ անել․ ասեք՝ ինչ պետք է անի երեխան։ Օրինակ՝ «Գրքերդ դիր դարակում, իսկ մեքենաները՝ տուփի մեջ»։
4. Նա դժվարանում է ընդհատել իր զբաղմունքը
Խաղից, մուլտֆիլմից կամ սիրելի զբաղմունքից անմիջապես անցնել մեկ այլ գործողության կարող է դժվար լինել։ Հատկապես փոքր երեխաները ժամանակ են պահանջում փոփոխությանը պատրաստվելու համար։
Ինչ անել․ նախապես զգուշացրեք․ «Հինգ րոպեից ավարտում ենք խաղը և գնում ճաշելու»։ Կարող եք նաև առաջարկել ընտրություն՝ «Կուզե՞ս ինքդ հավաքել խաղալիքները, թե՞ միասին անենք»։
5. Նա ուզում է ինքնուրույն որոշումներ կայացնել
Երեխայի անկախանալու ցանկությունը բնական զարգացման մաս է։ Երբ նա զգում է, որ իր փոխարեն ամեն ինչ որոշում են, կարող է հակառակվել նույնիսկ պարզ խնդրանքներին։
Ինչ անել․ հնարավորություն տվեք ընտրություն կատարելու՝ պահպանելով ձեր սահմանները։ Օրինակ՝ «Հիմա պետք է հագնվենք։ Կուզես կապո՞ւյտ, թե՞ կանաչ վերնաշապիկը հագնել»։
Մի կարևոր հիշեցում
Երեխային լսել սովորեցնելը պահանջում է ժամանակ, հստակ կանոններ և հետևողականություն։ Փորձեք չբարձրացնել ձայնը և մի՛ կրկնեք նույն հրահանգը տասն անգամ։ Համոզվեք, որ երեխան հասկացել է՝ ինչ եք խնդրում, և հանգիստ հետևեք պայմանավորվածությանը։
Նպատակը երեխային պարզապես հնազանդ դարձնելը չէ, այլ օգնելը, որ նա սովորի հասկանալ խնդրանքները, համագործակցել և աստիճանաբար ինքնուրույն կառավարել իր վարքը։
Աղբյուրներ՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ, Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, ՅՈՒՆԻՍԵՖ



