Կարմրուկը սուր և խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն հատկապես վտանգավոր կարող է լինել փոքր երեխաների համար։
Կարմրուկը միայն մաշկային ցանով արտահայտվող հիվանդություն չէ․ որոշ դեպքերում այն կարող է առաջացնել լուրջ բարդություններ, այդ թվում՝ թոքաբորբ:
Կարմրուկը չափազանց վարակիչ է։ Վիրուսը փոխանցվում է օդային ճանապարհով, երբ վարակված մարդը հազում, փռշտում կամ պարզապես շնչում է։
Վիրուսը կարող է օդում կամ վարակված մակերեսների վրա պահպանել վարակելու ունակությունը մինչև երկու ժամ։ Վարակված մարդը կարող է հիվանդությունը փոխանցել դեռևս ցանի առաջացումից մոտ 4 օր առաջ և շարունակել վարակիչ մնալ ցանի ի հայտ գալուց հետո ևս մոտ 4 օր։
Հիվանդության առաջին նշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց մոտ 7-14 օր անց։
Սկզբնական ախտանիշներն են՝
-
բարձր ջերմություն,
-
հազ,
-
քթահոսություն,
-
կարմրած և արցունքակալած աչքեր,
-
ընդհանուր թուլություն։
Ախտանիշների սկսվելուց 2–3 օր անց բերանի խոռոչում կարող են հայտնվել փոքր սպիտակ բծեր, որոնք հայտնի են որպես Կոպլիկի բծեր։
Մի քանի օր անց առաջանում է կարմրուկին բնորոշ ցանը։ Այն սովորաբար սկսվում է դեմքից և մազարմատներից, ապա աստիճանաբար տարածվում է դեպի պարանոց, իրան, ձեռքեր և ոտքեր։
Կարմրուկի ժամանակ ցանը սովորաբար սկսվում է դեմքից և տարածվում մարմնի մյուս հատվածներ՝ ներքևից վերև։
Սկզբում մաշկի վրա առաջանում են հարթ կարմիր բծեր, որոնց վրա երբեմն կարող են լինել փոքր բարձրացած հատվածներ։ Ցանի տարածման ընթացքում առանձին բծերը կարող են միաձուլվել։
Ցանի առաջացման ժամանակ երեխայի ջերմությունը կարող է կրկին բարձրանալ։
Երեխաների մեծ մասը ապաքինվում է, սակայն կարմրուկը որոշ դեպքերում կարող է առաջացնել բարդություններ։
Դրանցից են՝
-
ականջի վարակները,
-
փորլուծությունն ու ջրազրկումը,
-
թոքաբորբը,
-
աչքերի հետ կապված խնդիրները,
-
էնցեֆալիտը՝ գլխուղեղի բորբոքումը։
Բարդությունների վտանգն ավելի բարձր է հատկապես մինչև 5 տարեկան երեխաների, թերսնուցում ունեցող և թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ։
Կարմրուկի դեմ հատուկ հակավիրուսային բուժում սովորաբար չկա։ Բուժման հիմնական նպատակը երեխայի վիճակը թեթևացնելը և բարդությունները կանխելն է։
Կարևոր է ապահովել բավարար հեղուկ և սնունդ, հետևել երեխայի ընդհանուր վիճակին և բժշկի ցուցումով բուժել առաջացած բարդությունները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարմրուկով հիվանդ երեխաների որոշ խմբերի համար խորհուրդ է տալիս նաև վիտամին A-ի ընդունում՝ համապատասխան դեղաչափով և բժշկի հսկողությամբ։
Եթե կասկածում եք, որ երեխան կարող է կարմրուկ ունենալ կամ շփվել է կարմրուկով հիվանդ մարդու հետ, անհրաժեշտ է հնարավորինս արագ կապ հաստատել բժշկի հետ։
Ցանկալի է նախապես զանգահարել բուժհաստատություն և տեղեկացնել կարմրուկի կասկածի մասին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել մյուս մարդկանց վարակման վտանգը։
Շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ, եթե երեխայի վիճակը կտրուկ վատանում է, դժվարանում է շնչառությունը, նկատվում են ջրազրկման նշաններ, արտահայտված թուլություն կամ գիտակցության փոփոխություններ։
Կարմրուկից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
Կարմրուկի դեմ պատվաստանյութը հաճախ ներառված է համակցված ԿԿԽ/MMR պատվաստանյութում, որը պաշտպանում է կարմրուկից, կարմրախտից և խոզուկից։
Լիարժեք պաշտպանության համար սովորաբար անհրաժեշտ է պատվաստանյութի երկու դեղաչափ։ Պատվաստումների կոնկրետ ժամանակացույցը պետք է ճշտել երեխայի բժշկի հետ և առաջնորդվել տվյալ երկրի պատվաստումների ազգային օրացույցով։
Աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն



