Ինչպե՞ս սահմաններ դնել երեխայի համար՝ առանց բղավելու․ 7 գործնական խորհուրդ

Երեխայի բոլոր ցանկությունները կատարելը կամ, հակառակը, ամեն ինչ արգելելը չի օգնում նրան հասկանալ ու ընդունել սահմանները։ Երեխային պետք են հստակ, կանխատեսելի և տարիքին համապատասխան կանոններ, բայց նաև՝ ծնողի հանգիստ և հետևողական վերաբերմունքը։

1. Հստակ ասեք՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ

Կանոնը պետք է լինի պարզ և հասկանալի։ Օրինակ՝ «Խաղալիքները չենք նետում» կամ «Քնելուց առաջ հեռախոս չենք օգտագործում»։

Փորձեք քիչ կանոններ սահմանել, բայց հետևողականորեն պահպանել դրանք։

2. Մի՛ փոխեք ձեր որոշումը միայն երեխայի լացի պատճառով

Եթե ամեն անգամ «ոչ»-ից հետո երկար լացելու արդյունքում երեխան ստանում է ուզածը, նա կարող է սովորել, որ այդ վարքն արդյունավետ է։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսել երեխային։ Կարող եք հանգիստ ասել․ «Գիտեմ, որ շատ ես ուզում, բայց այսօր չենք գնելու»։

3. Տվեք ընտրության հնարավորություն

Երբ հնարավոր է, երեխային տվեք երկու ընդունելի տարբերակ, օրինակ՝ «Կարմի՞ր շապիկն ես հագնում, թե՞ կապույտը»։ Այսպես երեխան զգում է, որ իր կարծիքը կարևոր է, միաժամանակ տեսանելի է, որ կանոնը սահմանում է ծնողը։

4. Նախապես պայմանավորվեք

Խանութ մտնելիս, հյուր գնալուց կամ խաղը դադարեցնելուց առաջ երեխային ասեք՝ ինչ է լինելու։ Օրինակ՝ «Խանութ ենք մտնելու և մեկ բան ենք ընտրելու» կամ «Եվս հինգ րոպե խաղում ենք, հետո հավաքում ենք խաղալիքները»։ Նախապես տրված տեղեկությունը հաճախ օգնում է կանխել կոնֆլիկտները։

5. Հիստերիայի պահին մի՛ փորձեք երկար բացատրել

Երբ երեխան հուզված է, երկար բացատրությունները սովորաբար չեն օգնում։ Նախ՝ ապահովեք նրա անվտանգությունը, խոսեք հանգիստ և տվեք ժամանակ, որ հանդարտվի։ Երբ արդեն հանգստացել է, կարող եք քննարկել տեղի ունեցածը և խոսել, թե ինչպես է ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակների։ 

6. Գովեք ցանկալի վարքը

Մի՛ կենտրոնացեք միայն սխալների վրա։ Հակառակը՝ միանգամից գովեք, երբ հավաքում է խաղալիքները կամ հետևում է պայմանավորվածությանը։  Օրինակ՝ ասեք՝ «Դու խաղալիքներդ հավաքեցիր առանց հիշեցնելու․ շատ լավ ստացվեց»։

7. Սահմանները պահեք հանգիստ և հետևողական

Երեխային պետք չէ վախեցնել կամ նվաստացնել, որպեսզի նա հետևի կանոններին։ Բղավելը, ամոթանք տալը կամ ֆիզիկական պատիժը արդյունավետ դաստիարակության միջոցներ չեն։

Ծնողի հանգիստ, հետևողական և հարգալից վերաբերմունքը երեխային օգնում է աստիճանաբար ինքնակարգավորվել և հասկանալ սահմանները։

Կարևոր է․ երեխայի լացը, բողոքը կամ զայրույթը ինքնին «երես առնելու» նշան չեն։ Փոքր երեխաները դեռ սովորում են կառավարել իրենց զգացմունքները։ Ծնողի խնդիրն է միաժամանակ ընդունել երեխայի զգացմունքը և պահպանել անհրաժեշտ սահմանը։

 

Աղբյուրներ՝ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն