Փոքրիկները հեռուստացույց պետք է դիտեն ծնողների վերահսկողությամբ

Հեռուստացույցը երեխայի կյանքում, ինչպես նշում են մասնագետները, չի կարող դերակատարում չունենալ: Բայց պետք է հաշվի առնել մի շարք կանոններ, առանց որոնց պահպանման, երեխայի ժամանցը կարող է վտանգավոր դառնալ:

Հոգեբան Զառա Նոնինյանը նշում է, որ երեխային թույլատրվում է հեռուստացույց դիտել առավելագույնը 3 ժամ և նկատելի հեռավորությունից: Եվ որպեսզի հեռուստացույցը գոնե որոշ չափով օգուտ բերի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

  1. ցանկացած ծնող իր երեխայի համար պետք է առանձնացնի հաղորդումների և մուլտֆիլմերի ցանկ, որոնք կարելի է դիտել: Այդ ցանկը կարելի է քննարկել երեխայի հետ և միասին ընտրություն կատարել: Պետք է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները: Ծնողը պետք է խուսափի այնպիսի ֆիլմերի ու մուլտֆիլմերի ընտրությունից, որոնցում առկա են բռնության տեսարաններ, ագրեսիա և ամենակարևորը` դրանք չպեք է ունենան երկակի իմաստ:
  2. ծնողը պետք սահմանափակումներ անի` կապված ժամանակի հետ: Կանոններ հաստատելը հեշտ է, պահպանելը` դժվար, հետևաբար ծնողը պետք է հստակ կանոններ հաստատի: Բացառություններ, իհարկե, պետք են, եթե հաղորդումը շատ հետաքրքիր է, կամ երեխան հիվանդ է: Սակայն չարաշահել պետք չէ. կարելի է բացառություն անել ամիսը մեկ անգամ:
  3. պետք է ծնողը երեխայի հետ միասին նայի հաղորդումն ու քննարկի այն դիտելու ընթացքում կամ հաղորդման ավարտից հետո:
  4. հեռուստացույցը ոչ մի դեպքում չպետք է երեխայի դայակը դառնա: Պետք չէ հեռուստացույցն օգտագործել որպես պատժի կամ խրախուսանքի միջոց:
  5. յուրաքանչյուր ծնող պետք է հիշի իր սեփական օրինակի կարևորությունը:

Տարբեր տարիքի երեխաներին թույլատրվում է հեռուստացույց դիտել տարբեր ժամանակով: Մինչև 2 տարեկան երեխային թույլատրվում է հեռուստացույց դիտել օրական 30 րոպե, 2-3 տարեկան երեխային`1 ժամ, 3-4 տարեկանին` 1.5 ժամ, 4-5 տարեկանին` 2 ժամ, 5-6 տարեկանին` 3 ժամ: Այդ չափը չպետք է գերազանցնել:

«Երբ երեխան երկար ժամանակ հեռուստացույց է նայում, նրա ակտիվությունը նվազում է: Երեխան սկսում է ավելի քիչ խաղալ, նկարել, հեքիաթ լսել, ավելի քիչ է շարժվում: Այդ ամենը նպաստում է երեխայի զարգացման աստիճանի նվազմանը: Բացի այդ, երեխան սովորում է պատրաստի ինֆորմացիա ստանալ: Այն երեխաները, որոնք ամբողջ օրը նստած են հեռուստացույցի առջև, դժվարանում են հետո ուրիշ խաղեր հորինել»,-ասում է Զառա Նոնինյանը:

 

 

Էմմա Պետրոսյան